Իմ պետության մեջ չէին լինի դասակարգեր, սոցիալական խորը շերտավորում: Բոլորը կլինեին հավասար, ոչ թե ձևականորեն, այլ իրապես հավասար: Ինչպես նշել է Պլատոնը՝ «արդարությունն առաջին հերթին կբնակվեր իմ պետության քաղաքացիների հոգիներում»: Քանզի իմ պետության մեջ դասակարգային համակարգ չէր լինի, որոշիչ կլիներ ոչ թե վերնախավի կամ կոնկրետ մի խումբ մարդկանց ցանկությունն ու կարծիքը, այլ ամբողջ ժողովրդի: Բնակչությունը կհաշվառվեր ըստ բնակության տարածքների: Ժամանակ առ ժամանակ կկայանային հավաքներ, որոնց ընթացքում ամեն շրջանի բնակչության ընտրած ներկայացուցիչը կներկայացներ տվյալ տարածքի բնակչության խնդիրները, առաջարկները, բողոքները, կարիքները եւ այլն: Պետությունը կկառավարեր ոչ թե մեկ անհատ, այլ ժողովրդի ընտրած Կառավարչական խումբը, որի մեջ կմտնեին ժողովրդի հարգանքը ու վստահությունը վայելող ու գործող անձինք: Անարդարություններից խուսափելու համար ժողովուրդը կունենար որոշ լիազորություն՝ Կառավարչական խմբի կազմը փոխելու համար: Իմ պետության մեջ չէր լինի «գումար» հասկացությունը: Կլիներ տնտեսության հիմք, տնտեսությունը կարտադրեր ամենը, ինչը անհրաժեշտ է ժողովրդի համար, ամեն ոք ապահովված կլիներ ամեն անհրաժեշտ բանով, քանզի բոլորը կգիտակցեին, որ վերջիվերջո կյանքի իմաստը, իրենց անելիքը՝ գումարի մեջ խեղդվելն ու այն անիմաստ վատնելը չէ, այլ մարդու բարեկեցությունն ու երջանկությունը: Բաշխումը կիրականացներ Կառավարչական խումբը՝ հիմք ընդունելով հավաքների ընթացքում տարածքային ներկայացուցիչների տրամադրած տվյալները, որոնց ճշմարատացիությունը կստուգվեր լրացուցիչ անգամ:
Հ.Գ. Այո, այո, ես նույնպես «Ուտոպիա» եմ կառուցել…
Հեղինակ՝ Էմմա Կիրակոսյան, 11-3 դասարան:
Նյութի աղբյուր՝ http://heraditak.blogspot.com/2013/02/blog-post_322.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել