Տնտեսությունը ակտիվացնելու և լրացուցիչ աշխատատեղեր ունենալու համար հարկավոր է ոչ միայն խթանել տեղական ընկերությունների գործունեությունը, այլ նաև բարեփոխել ներդրումային դաշտը և դարձնել այն առավել գրավիչ:
Այդ նպատակով գործադիր մարմինը վերջերս ստեղծել է գործարար միջավայրի հետ երկխոսության ինստիտուցիոնալ հարթակ, որտեղ ընդգրկված են ՝ զբոսաշրջության, արդյունաբերության, արտահանման, ներդրումային, ինչպես նաև ադամանդագործության և ոսկեգործության ոլորտները:
Դրան զուգահեռ՝ ստեղծվել է ներդրումային ծրագրերի հավաքագրման հարթակ, որի շրջանակում արդեն ստացվել է 6 ներդրումային ծրագիր: Բացի դրանից՝ անցկացվել են նաև միջազգային ֆորումներ և ցուցահանդեսներ, որոնց արդյունքում առաջիկայում կստորագրվեն բիզնես համագործակցության 45 պայմանագրեր:
Այնուամենայնիվ, պետք է նախ հասկանալ, թե կոնկրետ ինչ գործնական քայլեր են արվել այս ընթացքում, ինչ խնդիրներ են լուծվել: Պետություն-մասնավոր սեկտորի համագործակցության ակտիվացման արդյունքում մի քանի ադամանդագործական ընկերություն կկարողանան մատչելի հումք ձեռք բերել և մուտք գործել ԵԱՏՄ շուկա:
Վերջին տվյալների համաձայն՝ հավաքագրվել է նաև 20 ներդրումային ծրագրերի փաթեթ, որն ուղղված է զբոսաշրջային վայրերն ավելի գրավիչ դարձնելուն:
Եթե հաշվի առնենք այն, որ ՀՀ-ն այս տարի հյուրնկալել է երկու խոշոր զբոսաշրջային միջոցառում, ապա տուրիզմի ոլորտում սպասվելիք բարեփոխումների արդյունքը իրեն երկար սպասեցնել չի տա: