Գնդակը արտադրողների կիսադաշտում է
Հայաստանի տնտեսության ամենամեծ ճյուղերից մեկը համարվում է առևտուրը, որի շրջանառության ծավալները գերազանցում են թե՛ գյուղատնտեսության և թե՛ արդյունաբերության ծավալները:
Առևտրաշրջանառության ծավալների առյուծի բաժինը պատկանում է ներկրմանը: Ուսումնասիրելով ներքին առևտրի և ներկրման ցուցանիշները՝ կարող ենք եզրակացնել, որ մարդիկ հիմնականում սպառում են ներմուծվող ապրանքները:
Խնդրի բացահայտմանը նպաստեց մասնավոր փոխանցումների հոսքի նվազումը: Հնարավոր չէ սպառել միայն ներմուծվող արտադրանքը՝ առանց սեփականը ստեղծելու:
Վերջին ժամանակներս կարծես թե իրավիճակը սկսում է կայունանալ: Ներմուծում-արտահանում հարաբերակցության մեջ, ի տարբերություն երկրորդի ծավալների 20 տոկոսանոց աճի, ներմուծումը իր հերթին արձանագրել է նվազում:
Այս իրավիճակից տեղական արտադրողը պետք է քաղի առավելագույնը: Եթե արտադրողը չակտիվանա, ապա շատ հնարավոր է, որ ներմուծման ծավալների կրճատման հետևանքով սպառման ծավալները նույնպես նվազեն:
Այլ կերպ ասած՝ գնդակը արտադրողների կիսադաշտում է: Բարձրացնելով որակը և վարելով գնային ճկուն քաղաքականություն՝ հարկավոր է սպառողի ուշադրությունը ուղղել դեպի տեղական արտադրանքը: