Lragir.am-ը գրում է.

ՀՀԿ 16-րդ համագումարից առաջ այսօր լրագրողները վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցին՝ որտեղի՞ց մեկ գիշերվա մեջ 7000 մարդ գտան, ովքեր համաձայնեցին իր անդամակցությունից հետո անդամագրվել ՀՀԿ-ին: Այն դիտարկմանը, որ տեղեկություններ կան, թե նրանք Գազպրոմ Արմենիայի աշխտակիցներն են, որոնց ստիպել են այդ քայլին դիմել, Կարեն Կարապետյանը պատասխանեց. “Ես կցանկանայի իրենց բոլորին շնորհակալություն հայտնել, որ իրենք ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունեն և ուզում են մասնակցել այս գործընթացին: Դուք համոզվա՞ծ եք, որ նրանց ստիպել են, ճշտեք խնդրում եմ”:

Հարցին, թե կիսելով ՀՀԿ գաղափարախոսությունը՝ դա նշանակում է, որ ինքը կիսում է նաև տեղի ունեցած թալանի պատասխանատվությունը, Կարեն Կարապետյանը վրդովված պատասխանեց. “Ոչ, չեմ կիսում այն թալանը: Ես անպայման ձեր հետ կհանդիպեմ, կխոսեմ”:

Կարեն Կարապետյանն ասաց, որ յոթ կետով առնվազն բացատրել է, թե ինչու է անդամագրվում այդ կուսակցությանը: Նա նշեց, որ մտավախություն չունի, որ իր իմիջը կնվազի այս քայլով:

Հարցին, թե ՀՀԿ-ին անդամագրվելը երկարացնո՞ւմ է իր պաշտոնավարման հնարավորությունը, նա պատասխանեց, «Ճիշտն ասած, հանրապետականությունը դրա համար չէ: Ես յոթ պատճառ նշել եմ, թե ինչու եմ դիմում, կա՞ այնտեղ այդ պատճառը: Այնքան բաներ են գրում, պատկերացնո՞ւմ եք ամեն գրածի պատասխանեմ: Ես չեմ վախենում, պատասխանում եմ, չեմ վախենում»:

Լրագրողները նաև հարցրին՝ Մոսկվայից եկել է երկար ժամանակո՞վ այստեղ պաշտոն զբաղեցնելու: “Եթե ձեր հարցի մեջ ենթատեքստ չկա, ես այստեղ ծնվել եմ և այստեղ մեծացել”:

Հարցին, թե վարչապետը տեղյա՞կ է, ով է բանան ներկրողը: «Ո՞նց եք կարծում՝ ես յուրաքանչյուր ներկրողի անունը պետք է իմանա՞մ»: Լրագրողները տեղեկացրին, որ խոշոր ներկրղը ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանն է, որը մենաշնորհ է ստեղծել: «Շատ լավ», արձագանքեց վաչապետը: Տեղեկությանը, թե հենց նրանք են խոչընդոտել նոր ներկրողին, Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ով է ներկրել, բայց էլ ոչ մեկ չի խոչընդոտելու»:

Կարեն Կարապետյանը նյարդայնցավ լրագրողների հարցերից: “Կարո՞ղ եք դուք մի քիչ այլ մշակույթ ձևավորել: Ասուլիս կտամ, կհայտարարեմ, լայն ասուլիս կտամ: Ինչո՞ւ է ձեր մեջ առավոտվանից այդպիսի ագրեսիա, կարո՞ղ եք բացատրել, եղանակը ֆանտաստիկ: Թույլ կտա՞ք ես իմ գործընկերների հետ շփվեմ», լրագրողներին հանդիմանեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել