Վստահաբար կարող եմ նշել, որ այս նյութի վերևում դրված կոպիտ վերնագիրը տեղին է: Այսօր, ինչպես մեր հանրապետության բազմահազար այլ երիտասարդներ, զինկոմիսարիատի ցուցումով անցնում էի համապատասխան բուժզննում պոլիկլինիկայում: Նմանատիպ բուժզննություն անցել էի նաև մոտ 3 տարի առաջ (մինչև ուսումնական տարկետման ձևակերպումը): Ոչինչ դեպի լավը չի փոխվել: Ինչպես առաջ, այնպես էլ հիմա յուրաքանչյուր սենյակի մոտ ժամերով հերթեր են: Հերթեր, որոնց մեկ այլ սենյակի բժիշկը հանգիստ կարող է անտեսել (առանց նայելու մեծ...փոքր...հիվանդ...առողջ) ու ներս խցկել իր ծանոթին: Դա էլ մի կողմ: Բոլոր սենյակների դռների վրա գրված է՝ «Զինակոչներ 13:00-14:00»: Դրա անմիջապես ներքևում նշված է «Ընդմիջում 13:00-13:30»: Հարց է ծագում, թե ինչպես պետք է այդ բժիշկ կոչվածները զննեն բոլոր զորակոչիկներին, եթե աշխատում են միայն կես ժամ ու այդ ընթացքում ԱՌԱՆՑ ՉԱՊԱԶԱՆՑՆԵԼՈՒ 3 բաժակ սուրճ խմում:

Եվ այսքանից հետո նորից գրում եմ էդ էլ հեչ: Խնդիրը այլ է: Էլեկտրասրտագրության (кардиограмма) ժամանակ մյուս բժիշկը խոսում էր հեռախոսով ու եթե փորձեմ հնարավորինս մանրամասն փոխանցել նրա խոսակցությունը, ապա կստացվի հետևյալը.

- Լսի՜… Ի՞նչ վիճակա մոտդ… Չնայած ինչ եմ հարցնում էլի ԷԴ զինակոչիկներ պտի լինեն էլի….. Լսի գժանոց ա… Օրը 20 հոգի գալիս են դրանցից ՈՒ ՈՉ ՄԻ ԿՈՊԵԿ…

Դե հիմա արի ու մի ասա՝ այ ոչխա՛ր (կներե՛ք), որ էդ զորակոչիկը չլինի, դու ո՞նց ես վեր ընգնելու էդ սենյակում ու մտածես՝ ոնց ամեն հիվանդից մի բան քերես: Էդ կեղտոտ լեզուդ ո՞նց ա հայերեն բառեր ասելու: Ու այդպիսի մի շարք հարցեր… Դրան գումարվում է մեկ այլ միջադեպ, երբ սոնոգրաֆիա կոչվածի պատասխանները գրելու համար բժիշկը ասում ա. «էս բլանկը քսերոքս արա, քեզ ել պտի սրանով գրեմ»: Այստեղ նորից պետք է հիշել կենդանիներից մեկին, որպեսզի նկարագրել այդ բժշկին, որը ՊԵՏԱԿԱՆ թուղթն ու պրինտերը, որ ստանում ա, էլի պտի մի բան քերի... Հեսա եթե հասնի հիվանդանոցներին, ապա վիճակը էլ ավելի ծանրանում ա: Ակամայից հիշում եմ մի դեպք, երբ բուժքույրը Էրեբունու հիվանդանոցում բառացի ասում էր երկու հազար դրամ տալ, որպեսզի արագ գրի, ինչ որ պիտի գրեր:

Պաշտպանության, առողջապահության և առողջապահության նախարարությունների հարգելի՛ աշխատակիցներ և ղեկավարներ,

տարեցտարի պահպանվում  է նույն անմխիթար վիճակը: Խնդրում և պահանջում եմ ձեռնարկել համապատասխան բոլոր միջոցառումները այս խայտառակ վիճակը կարգավորելու համար: Բժիշկը պարտավոր է հասկանալ և գիտակցել, թե ինչ մեծ և պատասխանատու առաքելություն ունի: Զորակոչիկների և զինվորների նկատմամբ պետք է լինի համապատասխան և առանձնահատուկ դրական վերաբերմունք բոլորի մոտ: Եվ սա ասում եմ ոչ թե նրա համար, որ ես այդ խնդիրն ունեմ: Ես այսօր անցա, վերջացրի: Բայց դեռ հազարավոր երիտասարդներ բախվելու են այս խնդիրներին, ինչը իհարկե ազդում է իրենց հոգեբանության վրա: Բանակ ու զինկոմ լսելիս մարդու մոտ չպետք է վերականգնվեն զզվելի հիշողություններ: Իսկ այս ամենը գալիս է ուսանողական նստարանից: Բժիշկ պետք է դառնալ ՈՉ ԹԵ գռփելու և թալանելու, այլ մարդկանց օգնելու և փրկելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել