Հալեպի արևելյան մասում վերջին ավիահարվածները թողել են քաղաքն առանց գործող հոսպիտալների՝ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության մամլո ծառայությունը հայտնել էր, որ Հալեպի արևելքն ամբողջովին մնացել է առանց հոսպիտալների։

«Գլխավոր քարտուղարը դատապարտում է ինտենսիվ ավիահարվածները, որոնց մասին հաղորդվել է վերջին մի քանի օրերին, և որոնք հանգեցրել են խաղաղ բնակիների, այդ թվում երեխաների մահվան ու վնասվածքների և թողել արևելյան Հալեպը առանց գործող հոսպիտալների։ Նա նաև դատապարտում է անխնա գնդակոծությունները Հալեպ նահանգում և քաղաքի արևմտյան մասում, որոնց մասին եղել են հաղորդագրություններ, ներառյալ հարվածները դպրոցներին, որոնք հանգեցրել են երեխաների մահվան»,-ասվում է համաշխարհային կազմակերպության մամլո ծառայության կողմից տարածված հաղորդագրությունում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ խաղաղ բնակիչներին ու քաղաքացիական ենթակառուցվածքին ուղղված հարվածները հանդիսանում են ռազմական հանցագործություն։ Նա կոչ է արել բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել նման հարձակումները։

«Սիրիայում այս և այլ դաժան հանցագործությունների պատասխանատուները, ովքեր էլ լինեն և որտեղ էլ գտնվեն, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-ասվում է հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել