Մեկ անգամ չէ, որ խոսվել է ՀՀ-ն տարանցիկ երկիր դարձնելու և դրանով մեր երկրի տնտեսությունը ակտիվացնելու մասին: Այս թեմայի շուրջ քննարկումներում հիմնականում շեշտադրում կատարվում է ՀՀ-ով ԵԱՏՄ ապրանքների տեղափոխման վրա: Իհարկե, այդ ուղղությունն ունի մեծ պոտենցիալ, բայց այսօր արդեն կարելի է փաստել, որ Հայաստանը կարող է դառնալ տարանցիկ երկիր Եվրոպայից Իրան և հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ, այն է` տարբեր տրանսպորտային միջոցներով բեռնափոխադրումներ իրականացնելիս:
Այս մասին վկայում է այն փաստը, որ արդեն այս շաբաթ փորձնական տարբերակով 2 կոնտեյներ ջրային ճանապարհով տեղափոխվել է Փոթի, այնուհետև երկաթուղով՝ Հայաստան` Երասխ կայարան, այստեղից էլ ավտոտրանսպորտով՝ Իրան: Ըստ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոյի` փորձնական փոխադրումը հաստատեց, որ նախագիծն իրատեսական է: Նա նշել է, որ բեռնափոխադրման այս մոդելը ոչ միայն ժամանակի առումով է արդյունավետ, այլև հուսալի է, քանի որ բեռը տեղ է հասնում այն նույն վիճակում, ինչպիսին եղել է ճանապարհի սկզբում:
Ամփոփելով՝ կարելի է նշել, որ, իհարկե, Հայաստանի տարածքով միջազգային բեռնափոխադրումների ծավալի մեծացումը գերակա խնդիրներից մեկն է, բայց, հաշվի առնելով հարևան երկու պետությունների հետ փակ սահմանները, այս երթուղու ստեղծումը նաև ռազմավարական նշանակություն ունի: Մեր երկրի պարագայում չափազանց կարևոր է ունենալ կայուն աշխատող տրանսպորտային միջանցք: