Եվ ես երջանիկ էի, միայն նրանով, որ ցանկացած ժամանակ իմ ձեռքերը հանգիստ կարող էին հասնել քեզ: Ես չէի փորձում դիպչել քեզ, պարզապես այն միտքը, որ դու այդքան մոտիկ ես, ինձ երջանկություն էր պարգևում:
Առանց ամաչելու կարող էի անվերջ նայել քեզ և երբեք ինձ հարց չտալ՝ ինչո՞ւ:
Դա ուրիշ զգացողություն է, երբ դու հազարավոր անգամներ կարող ես մահանալ և ծնվել միայն նրա հայացքից:
Եվ չմտածել, երբ դու կողքիս էիր:
Սակայն եկավ մի ժամանակ, երբ դու անհասկանալի տեղից աղյուսներ գտար: Այդ աղյուսները տեղ գտան հենց իմ և քո միջև: Ամեն անգամ դու մի երկար շերտ էիր հավաքում աղյուսներից: Եվ եկավ մի օր, երբ իմ ձեռքերը այդ անիծված աղյուսների պատճառով, չհասան քեզ, իսկ երկար շերտերը գնալով վերածվեցին մի հսկայական պատի: Իմ և քո միջև: Հենց քո ձեռքերով պատրաստած: Պատը բարձրացավ: Ես կամաց-կամաց սկսեցի չտեսնել աչքերդ, հայացքդ, ժպիտդ:
Անտանելի է անորոշությունը: Երբ դու ինքդ քեզ համար կարող ես հորինել իննսունինը պատճառ, իսկ մտքում անընդհատ կրկնել ինչու: Իսկ ամենացավոտը, երբ քո ինչու-ներին պատասխան չկա: Քանի որ չես ցանկանում բարձրաձայնել հարցդ: Գուցե հարցիդ սպասող չկա...
Ես մնացի քո իսկ պատրաստած պատի հետևում: Եվ ոչ մի անգամ չկանչեցի քեզ:
Ժամանակ անցավ: Մի օր դու ինքդ քեզնից հոգնած սկսեցիր քանդել պատը: Այդ ժամանակ ես ունեի բազմաթիվ ինչու-ներ, իսկ դու բազմաթիվ որովհետև-ներ: Բայց իմ ինչու-ներից և ոչ մեկը չհնչեց, իսկ քո որովհետև-ները շտապում էին բարձրաձայնվել:
Ես քեզ թողեցի հենց քո իսկ պատրաստած պատի փլատակների հետևում՝ առանց որևէ ինչու-ի: Հիմա դու ես հարցնում, ինչո՞ւ: Պատասխան չկա:
Չէ՞ որ մի ժամանակ ես էի այնտեղ: Պատի հետևում: Առանց որևէ ինչու-ի...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել