Image result for մշակույթի նախարարությունԵրկու խոսք մշակույթի նախարարության դերի մասին


Մեզանում շատ է խոսվում մշակույթի կարևորության մասին… Բարձր ու մշակույթի կարևոր մարդկանց կողմից նշվում է, որ մշակույթն է մեր քաղաքականության կարևորագույն մասը, և որ մշակույթով է, որ պիտի կառուցենք մեր ապագան, մեր վաղվա օրը, և որ այդ վաղվա օրվա հետ կապված անելիքները սկսվում են այսօր և սկսվում են մշակույթից, և որ մշակույթն է, որ պիտի ձևավորի ազգային արժեհամակարգ… Խոսվում է համազգայինի և ազգայինի, ստեղծագործելու ազատության, անհատի դերի, մատուցման մեջ ժամանակակից լինելով՝ բովանդակայնորեն ազգային մնալու, մշակույթի կապիտալիզացման անհրաժեշտության, փող-ապրանք-փող բանաձևը մշակութային ոլորտում կիրառելու, մեր ունեցած գանձերը օտարներին մատուցել, «լավ վաճառել» կարողանալու և ստացվածով նոր մշակույթ ստեղծելու, մշակութային մենեջմենթի ու մարքեթինգի կարևորության և մի շարան նման խնդիրների մասին:

Մշակույթին վերաբերող հասարակական քննարկումներում ճշմարտանման շատ մտքեր են հնչում… Բանավիճող մարդկանց մոտ ապագայի նկատմամբ տագնապ է նկատվում, սակայն միայն այդքանը: Բայց, դժբախտաբար, խոսակցություններից անդին ոչինչ չի անցնում: Որևէ գործունեություն չի ծավալվում:

Ահա արդեն 25 տարի է, ինչ մշակույթի մարդկանց, մտավորականության թողտվության, որոշումներ ընդունող ԲՈՍԵՐԻ հանցավոր անտարբերության հետևանքով մենք հասել ենք մի հանգրվանի, որտեղ մարդու համար կարևորագույն հասկացությունները, ավանդույթային բոլոր կանոնները, հազարամյակների ընթացքում մշակված ու հղկված հնավանդ օրենքներն ու ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԳԸ նենգափոխվելով դարձել են ծաղրի առարկա: Փոխարենը առաջ են մղվել մարդուն տարալուծող, նրան իր ինքնությունից զրկող՝ ազատ ապրելու, շլացուցիչ և տպավորիչ երևալու, հռչակ ձեռք բերելու, կյանքը՝ որպես խրախճանքներով ու զվարթություններով հագեցած մի անվերջանալի ճամփորդություն ընկալելու, անձնական կարիերայի, սեփական հաճույքների ու մարմնավոր բավարարումների մասին անրջելու ենթամշակութային կամ որպես մշակույթ մատուցվող սուռագատային գաղափարները:

Համոզվելու համար պետք չէ հեռուն գնալ: Բավական է հետևել մարդկանց մոտ «ժամանակակից աշխարհայաացք», «նոր մտածելակերպ» ձևավորող մեր հեռուստատեսությանը, ցանցային ու մեդիա դաշտերին և պարզ կդառնա, թե ու՞մ գործունեության հետևանքով է սկսվել և սրընթաց շարունակվում նախադեպը չունեցող ժողովրդիս հոգևոր անկումը, նրա դեգրադացումը:

Ահա ամենաշատ դիտված և ընթերցվածների չնչին մասը միայն… Խոպանի տեսություն,Առաջնորդներ, Էմիգրանտները, Վերջին հայրիկը, Քարե դարդ, Տնփեսա, Ֆուլ հաուս, Դոմինո, Փոխնակ մայրը… Գեղեցկուհի և սեքսուալ Անատի Սաքանյանի լողափնյա հիասքանչ լուսանկարը (photo), Արփինե Բեկջանյանը նոր էրոտիկ լուսանկար է հրապարակել (Photo), Նազնեի Հովհաննիսյանի նոր ու սեքսուալ լուսանկարները, Դերասանուհի Մերի Հակոբյանի նոր՝ կրքոտ լուսանկարները (photo), Նա պարզապես հետույքին քսում էր այն, ինչ միշտ առկա է բոլորի խոհանոցում. արդյունքը ոչ թե լավ է, այլ գերազանց, Սոֆի Մխեյանը լողազգեստով ցուցադրել է իր սեքսուալ կազմվածքը, Իվետա Մուկուչյանը չափազանց բաց զգեստով ցուցադրել է իր սեքսուալ ու կրքոտ մարմինը և այլն, և այլն:

Եվ իրոք: Եթե ժողովուրդը հասցված է մի վիճակի, երբ նրա գաղափարապես զարգացած համարվող մասը, նրա մտավորականությունն անգամ, ի վիճակի չէ ապրուստի ավելացման, բարեկեցության բարձրացման, դիմությունների ու ընդդիմությունների անբարո ՛՛խաղերի՛՛, ՛՛քաղաքակիրթ աշխարհներին՛՛ նմանվելու և նման խնդիրներից զատ այլ, առավել կարևոր խնդիրներ դնելու իր առջև, եթե մարդկանց մոտ բացակայում է չարը բարուց, լավը վատից զանազանելու անհրաժեշտությունը, եթե սեփական ապրումներից գլուխ հանելու կարիքը չկա, ապա մշակույթին անդրադառնակու անհրաժեշտություն էլ չկա և մշակույթի ճշմարիտ գործիչների, առավել ևս մշակույթի նախարարության կարիքն էլ չկա:

Իսկապես: Մշակույթի, մշակութային գործիչների, ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ առաջնային խնդիրը հասարակության հոգևոր-բարոյական անկումի վիճակում հայտնված լինելու խորքային պատճառների բացահայտմանն իրեն նվիրելը, այդ պատճառները վերացնելը, ստեղծված իրավիճակից ելքեր որոնելը, ապագայի համար ինչ ու լուսավոր ուղենիշներ փնտրելը, մարդկանց կողմից սպասված և նրանց համար հասկանալի առաջնորդող գաղափարներ երևակելը պիտի լինի:

Եվ եթե ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՆՐԱ ՆՈՐԱՆՇԱՆԱԿ ՆԱԽԱՐԱՐԸ ժամ առաջ չեն փորձելու բռնել ազգիս դեգրադացման գործընթացի գլխավոր դերակատարների ձեռքերը, չեն կանգնեցնելու այս հետաճը, գոնե լուրջ, երևացող, ու անխնա պայքար չեն ծավալելու մշակույթի ոլորտը զավթած ՛՛սիթքոմային՛՛ թափթփուկների դեմ, այլ շարունակելու են խոսակցություններ վարել մշակույթի կապիտալիզացման, փող-ապրանք- փող բանաձևը մշակութային ոլորտում կիրառելու, մշակութային մենեջմենթի ու մարքեթինգի կարևորության և նման, իրենց տեսակետից գուցե կարևոր, սակայն այս օրհասական իրավիճակում դատարկ ու անհեթեթ բաների մասին, ապա իրենք ևս, ՛՛չհավաքած տեղաշորի՛՛ նման արժանանալու են ժողովրդի ծաղրին ու ծանակմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել