Հայ մտավորականը, չնչին, դժբախտաբար որակ կազմելու որևէ զորություն չունեցող բացառություններով, ազգի համար այս ճակատագրական թվացող պահին դարձյալ գնում է, եթե նա ինչ-որ տեղ գնալու կարողություն դեռ ունի իհարկե, իրադարձությունների ետևից: Ազգիս այս հոգևոր-բարոյական անկումի վիճակում հայտնված լինելու խորքային պատճառների բացահայտմանն իրեն նվիրելու, ստեղծված իրավիճակից ելքեր որոնելու, ապագայի համար ինչ-որ լուսավոր ուղենիշներ փնտրելու, մարդկանց կողմից սպասված և նրանց համար հասկանալի առաջնորդող գաղափարներ երևակելու և այդ գաղափարները կրող ճշմարիտ առաջնորդներ գտնելու, դաստիարակելու և նրանց իրենց տեղերում կարգելու փոխարեն, հայ մտավորականն այսօր կողմնակի դիտորդի, մերժված հանճարի կեցվածքով` իր նմանների շրջապատում աթոռին բազմած սուրճ խմող դատարկ քննադատի դիրք է բռնել, քանզի այդպիսի կենսակերպն ու պահվածքն իր մտավոր և հոգևոր սնանկությունը քողարկող ամենաարդյունավետ միջոցն է կարծում:
Ազգիս առջև ծառացած խնդիրները, միայն ճշմարիտ, ազգի սիրասուն զավակը հանդիսացող, ազգին ԲԱՆ տալու համար աշխարհ եկած, ինքնամոռաց ու անձնվեր, ազգափրկիչ առաքելությանը նվիրյալ մտավորականից զատ ուրիշ ոչ ոք լուծել չի կարող:
Իսկ մեր մտավորականությունը, մեծի մասամբ, այսօր կարծես բեռ չունի տանելու, գործ չունի անելու և հոգնեցնելու աստիճան հայ գենի հաղթանակից խոսելով, հեթանոսության ժամանակների վեհությունը փառաբանելով, առաջներում աշխարհին ազգիս տված մշակութային հարստությունները գովերգելով, ոչնչի շուրջ համախմբման կոչեր արձակելով նստած քննարկում է, թե ով է ավելի սրիկա` ԳԼՊ-ն, թե ՃՃՖ-ն, ով է ավելի շատ թալան արել` այս, թե այն մյուս տականքը, կամ այս քաղաքական դիակը և կամ այն մյուս հասարակական մեռելը կմիանան արդյոք շարժմանը թե ոչ կամ Րաֆֆին հանրահավաքին ջերմուկ, թե բջնի խմեց և այլն, և այլն:
Որ հասարակական զարգացումների համար ուևէ առաջանցիկ, ազգի գոյության, նրա հոգևոր առաջընթացի համար անհրաժեշտ, այսօր մեջտեղ հանված չարչիական, սպառողական հասարակություն կերտող գաղափարներին հակադրվող, որևէ ճշմարիտ ազգային, լուսավոր, մարդկանց գերող, իր հետևից տանող, նրանց համախմբող գերգաղափար մեջտեղներում չկա, դրանում միայն և միայն ՄԵՂԱՎՈՐ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, և ուրիշ ոչ ոք: Հետևաբար, մեր մտավորականն իր ժողովրդին այսօր տալու բան չունի, դատարկ է, էպոլետավոր մի փուչիկ, իրենից զատ ոչինչ հավանող անիմաստություն, վաղուց մեռած, սակայն դեռևս չմահացած և որևէ պարունակությունից զուրկ մի խոռոչ է: Համոզվելու համար նայեք մեր հանրային խորհուրդ կոչվածին, որտեղ հավաքված է ազգի հատընտիր մտավորականների մի ստվար մասը, քննեք նրա գործունեությունը այս տարիների ընթացքում, լսեք նրա ղեկավարներին և ամեն բան պարզ կդառնա: Սա մեծագույն աղետ է մեզ համար, սակայն մեդալի երկրորդ երեսն էլ կա, որն է’լ ավելի է վատթարացնում վիճակը: Անգամ եթե կան էլ սակավաթիվ մարդիկ, ովքեր այս տարիներին խոսել են ընտրված ուղու անարդյունավետության, նրա կործանարար լինելու մասին, ովքեր շարունակաբար զգուշացրել և ահազանգել են վերահաս աղետի անխուսափելիությունը, ավելին` ինչ որ լուծումներ են առաջարկել և առաջարկում վերջնական անկումն ու կործանումը կանխելու, ազգիս վիճակը փոքր ինչ թեթևացնելու, նրա ներսում գոնե փրկության մի կայծ բորբոքելու ուղղությամբ, նրանք էլ դժբախտաբար մերժված են, տիրող համատարած աղմուկ աղաղակի մեջ (բառիս ուղիղ և փոխաբերական իմաստով) լսելի ու առավել ևս ընկալելի ու հասկանալի չեն:
Ներկայիս հեղափոխական կամ նրանց «դիմակայող”» իշխանականի տղերքն էլ, ինչպես 20-25 տարի առաջ էր, այսօր ևս լսելու ժամանակ չունեն, «ներսի» խորհրդատուների կարիքը չունեն, միշտ ամեն բան գիտեն և խորհրդի համար էլ իրենց անդրօվկիանյան, եվրոպական կամ այլևայլ «դրսի» խորհրդատուներն ունեն: Իրոք որ «Չկայ անարգուած մարգարէ, բայց միայն` իր գաւառում և իր տանը» (Մատթեոս 13:57):
Եվ ճիշտ ու ճշմարիտ էր ՄԱՐԴԻ ՈՐԴԻՆ ասելով. «Մենք փող հնչեցրինք ձեզ համար, բայց դուք պար չեկաք, և ողբ ասացինք և լաց ու կոծ չարիք: Արդ մեր ժամանակը դեռ չի եկել, իսկ ձերը` միշտ պատրաստ է»:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=306809176111192&set=a.168920973233347.34643.100003463372278&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել