Այն, որ «X Factor»-ի ժյուրիի անդամների` հատկապես Գարիկի պահվածքը նման աղմուկ է հանել, որ «կայֆեր» են բռնում 17-ամյա տղայի վրա, որը առաջին անգամ գյուղից նման միջավայրում է հայտնվել, կցանկանայի հետևյալն ասել:
Ուրեմն՝ 1946 թվականին Տոկիոյում մի հատ ճապոնական կինոընկերություն մրցույթ է հայտարարում` նոր դերասանների ընդունելության համար: 4000 մարդ է մասնակցում այդ մրցույթին: Հարյուրից մեկին պետք է վերցնեն:
Մի հատ ջահել, բանակից նոր զորացրված, 2-րդ համաշխարհային պատերազմին մասնակցած տղա է մտնում սենյակ, որտեղ մրցութային հանձնաժողովն է: Հիմա սրան հարցեր են տալիս, սա էլ պատասխանում է շատ բռի պահվածքով, չոր, կոշտ ու կոպիտ տոնով, զգացվում է, որ բանակի թոզը դեռ վրան է: Զինվորին բնորոշ չոր, պարզ ու ուղղամիտ ոճով է խոսում:
Մի խոսքով՝ որևէ տպավորություն չի թողնում հանձնաժողովի վրա, սրան ասում են` ազատ ես, թող գնա, կինոն քո համար չի: Ու երբ այս ջահելը շրջվում է և սկսում է քայլել դեպի դուռը, հանձնաժողովի նախագահին (կարծեմ, ազգանունը Յամամոտո էր) շատ է դուր գալիս նրա քայլվածքը: Դրա մեջ ինչ-որ արժանապատվություն, գեղեցկություն, վեհություն է զգում: Այդ տղան աներևույթ ինչ-որ հպարտությամբ ու բնական արտիստիզմով է շրջվում և հեռանում: Հանձնաժողովի նախագահը նրան ետ է կանչում ու աշխատանքի ընդունում:
Այդ երիտասարդի անունն էր Տոսիրո Միֆունե: Ընդամենը 4 տարի անց ինքը «Ռասյոմոնից» հետո կդառնա համաշխարհային կինոյի աստղերից մեկը:
Մեր ժյուրիի անդամները երբևիցե չեն փորձում «X Factor»-ի մասնակիցների մեջ զգալ, փնտրել տաղանդը: Այդ մակարդակը չունեն: Իրենք ճիշտ հակառակն են անում. մարդու մեջ փորձում են սպանել ցանկացած դրական ձիրք, լուսավոր կետ, որ դրա ֆոնին ցույց տան իրենց կարևորությունը, որ ցույց տան, թե իբր իրենցից է կախված մարդուն տաղանդ դարձնել-չդարձնելու «միսիան», որ տաղանդը իրենք են, դրա համար են նստած ժյուրիի աթոռին: Դրա համար էլ այդքան խղճուկ տեսք ունեն: Ինչ հագուստ էլ կրեն, անընդհատ թվում է, թե ծաղրածուի հագուստի մեջ են: Ի դեպ, այս ամենը վերաբերվում է մեզ մոտ անցկացվող նմանատիպ այլ մրցույթներին:
Իսկ այդ ջահել տղան միգուցե 4 տարի անց մեզ համար բացահայտում լիներ: Բոլոր դեպքերում իր կյանքն առջևում է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել