Բաց ուղերձ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին!!!
Պարո՛ն Ասատրյան, շնորհավորում եմ Ձեզ վերանշանակման առիթով, չգիտեմ՝ դա լավ է, թե վատ, անձնական միանգամայն նեյտրալ վերաբերմունք ունենալով Ձեր անձի հանդեպ և արդեն գրեթե 4 տարի անմիջական առնչվելով Ձեր ղեկավարած ոլորտի հետ՝ վերջապես որոշել եմ գրել ու գրել ոչ թե անիմաստ դիմում, բողոք, այլ հստակ ուղերձ:
Բողոքել, չգնահատել չեմ սիրում, բայց այստեղ այլ ուղի չկա։
Ինչպես նշեցի, արդեն 4 տարի առնչվում ենք Ձեր ղեկավարած ոլորտի հետ և, ցավոք, մի օրինաչափություն եմ նկատել, որ այն իրականում չի ղեկավարվում արդեն շատ վաղուց, քանի որ սկսած հետխորհրդային տարիներից՝ ոչ մի դրական ու ժամանակակից տեղաշարժ չկա: Նույն դեմքերն են, անհասկանալի ու մութ գործելաոճ ու նույն վերաբերմունքը :))))
Ավելի կոնկրետ անդրադառնում եմ մեր մասով` հաշմանդամություն ունեցող երեխաների և նրանց ընտանիքների։
Ամենաքիչը 4 տարի է՝ Ձեր տարբեր բաժինների պետերի հետ զրույցներում նշում ենք, որ այն մանկական հաշմանդամային սայլակները, որ արդեն տարիներ է՝ ներկրվում են ձեր կողմից, միանգամայն ԱՆՊԵՏՔ են, ավելին ասեմ` խարխուլ ու հնամաշ, չեն ծալվում և չեն համապատասխանում ոչ մի ստանդարտի: Չեմ հասկանում՝ ում համար և ինչ նպատակով եք դրանք ներմուծում, եթե ոչ մի երեխայի պետք չեն, պատկերացնում եմ՝ ինչ է կատարվում ձեր պահեստներում:
Ավելին՝ նույնիսկ այդ անպետք սայլակի համար հերթագրում են ու 10.000 դրամ պահանջում` հերթն առաջ տալու համար :)))
Էլ չեմ խոսում այն մասին, որ հաշմանդամություն ունեցող երեխային այլ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳՈւՅՔ` քայլակ, կանգնակ, բռնակներ, աթոռներ առհասարակ չեն տրամադրվում:
Ես բազմիցս առաջարկել եմ քննարկել այս հարցը, ԱՆՎՃԱՐ աշխատել Ձեզ հետ, օգնել, կոնկրետ նշել եմ տեսակներ, որոնք հարմար են, Ձեր աշխատակիցները խոստացել են անդրադառնալ ու վերջ:
Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները դռնեդուռ ընկած գույք են խնդրում, այնինչ հիշեցնեմ, որ Դուք ու Ձեր բոլոր աշխատակիցները, նաև այն կազմակերպությունները, որոնք տարիներ շարունակ արդեն ավտոմատ կերպով ստանում են չհայտարարված ու անհասկանալի տենդերներ, սնվում են հենց այս և մյուս ՀՀ քաղաքացիների հարկերից:
Նշեմ, որ երբևէ չենք հավակնել որևէ տենդերի և չենք էլ հավակնելու, քանի որ մեխանիզմները չափազանց անթափանցիկ են մեր գործունեության համար անիմաստ։
Ուստի գրառումս բացարձակապես ՇԱՀ ՉԻ ՀԵՏԱՊՆԴՈւՄ:
Մյուս ու ամենաանկազմակերպ ճյուղը ԲՍՓՀ-ներն են, որտեղ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին ոչ միայն հոգեբանորեն ավելի են ճնշում ու կոմպլեքսավորում ԽՂՃՈւԿ ԹՈՇԱԿԻ համար` ամսեկան 21.000 ՀՀ դրամ, այլև Փարոսից օգտվող ծնողից պահանջում են 10.000 դրամ կամ ավելի դաժանները` 2-3 ամսվա թոշակ, որ ավելի «արագ» կատարեն իրենց ՊԱՐՏԱԿԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԸ:
Ամեն ասածս խոսքի համար ունենք մինիմում 10 ՓԱՍՏ` ԿՈՆԿՐԵՏ ՕՐԻՆԱԿ, որը իհարկե Ձեզ և Ձեր գեղեցկուհի վարչության պետերին չեն հետաքրքրի, բայց դե պարտավոր եմ ասել:
Մեր կազմակերպության բարերարներն ու մենք ենք կատարում այս ոլորտում օրենքով նախատեսված Ձեր հիմնարկի գործառույթը հանդիսացող աշխատանքը արդեն 4 տարի:
Էլի նշեմ, որ ոչ մի շահ չեմ հետապնդում, ես կարող եմ երեխայիս տանել Եվրոպա կամ ուր ուզեմ, կարող եմ գնել ամենաթանկարժեք սայլակը, ցանկացած իր, բայց մարդիկ այսօր անօգնական են ու դիմում են կազմակերպությունների ՏԱՐՐԱԿԱՆ կարիքների համար, որ Ձեր բարձրությունից չեք էլ նկատում...
Եվ վերջում, վերջերս «Կենսաձև» հաղորդաշարի շրջանակներում ծավալված քննարկումից պարզ դարձավ, որ ոչ միայն երեխաների մասով է թերանում սոցապը, այլև բացարձակ անմխիթար վիճակում է նաև զինհաշմանդամների ոլորտը, քանի որ այստեղ նույնպես գործում են «այնքան որ» և «պետությունն աղքատ է» թյուր աշխատելաոճը:
Դե, իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կգովեն ու կծափահարեն Ձեզ, բայց մի բան ակնհայտ է` թիրախային խմբի երեխաները, ծերերն ու մեր ազգի համար վիրվորված զինհաշմանդամները ստանում են նույն` ծայրահեղ անորակ ու անմատչելի ծառայությունները, տալիս են անօրինական կաշառքներ` իրենց օրենքով հասնող ծառայությունների համար, այստեղ այլևս ավելացնելու բան էլ չկա...
Ոչ ոք մեղավոր չէ, գումարներ էլ կան, ուղղակի չկա համակարգված մոտեցում։
Չկա տեսլական, նպատակ ու Ցանկություն։
Ձևական կլոր ու ուղղանկյուն սեղան-քննարկումների չեմ մասնակցելու, ոչ էլ հյուր եմ գալու, անիմաստ է։
Մատնանշեցի խնդիրները, որոնց լուծումները, ցավոք, միմիայն Ձեզանից են կախված` Ձեր ցանկությունից։
Ուզում եմ հավատալ, որ ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվելու է ...