Galatv.am-ը գրում է.
Հնագույն Պալմիրա քաղաքում սիրիացի զինծառայողներն ահաբեկիչների հենակետերից մեկի զննության ժամանակ հայտնաբերել են դամբարանի հինգ խորաքանդակ, տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: Այս մասին հայտնել է Սիրիայի հնությունների եւ թանգարանների վարչության աշխատակից Ահմեդ Դիբը: Նրա խոսքերով՝ գողացված խորաքանդակները հայտնաբերվել են գաղտնարանից, որը գտնվել է շինության նկուղային հատվածում:
«Մոտավորապես 60սմ բարձրությամբ քանդակները զարդարել են Պալմիրայի ազնվականների դամբարանը, որն ավերվել էր ահաբեկիչների կողմից: Դրանք լավ են պահպանվել, եւ, ամենայն հավանականությամբ, «Իսլամական պետության» տեղի առաջնորդները պատրաստվում էին խորաքանդակները վաճառել մաքսանենգներին: Դրանց վրա երեւում են գլխաշորով կանանց եւ տղամարդկանց դեմքեր»,- նշել է գիտնականը:
Դիբի խոսքերով՝ ահաբեկիչները հուշակոթողները գողացել են աշտարակի մի քանի դամբարաններից, որոնք գտնվում էին հնագույն քաղաքի հարավային մասում: «Նրանք ոչնչացրել են ազգագրական թանգարանը, որտեղ պահպանվում էին պեղումների ժամանակ հայտնաբերված մասունքներ, նաեւ Հաղթանակի կամարը, որը համարվում էր քաղաքի այցեքարտը, Բալշամինա տաճարը եւ սեմական Բել գերագույն աստվածության սրբատեղին»:
««Իսլամական պետությունից» Պալմիրայի ազատագրումից հետո հնագիտական արգելոցի տարածքում տարվում են վերականգնողական աշխատանքներ: «Պալմիրայում գտնվող դամբարանները մեր թվարկության 1-ին դարի ծագում ունեն»,- հայտնել է սիրիացի գիտնականը: -Այդ հուշարձանները հին հռոմեական մշակույթի անգին վկաներն են»: