Lurer.com-ը գրում է.
Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեի և իր մտերիմ ընկերուհի Ցոյ Սուն Սիլի շուրջ բարձրացած աղմուկով պայմանավորված Սեուլում կառավարության դեմ բողոքի ակցիա է կազմակերպվել: Փողոց է դուրս եկել շուրջ 1 մլն մարդ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նոյեմբերի 12-ին Սեուլում անցկացվող ակցիան համարվում է ամենամասշտաբայինը: Փողոցներում քաղաքի կարգ ու կանոնն ապահովելու համար դուրս է բերվել ոստիկանության 25 հազար աշխատակից: Բողոքի ակցիան միավորել է ընդդիմադիր երեք կուսակցությունների, ինչպես նաև 1 500 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների:
Հարավային Կորեայի մայրաքաղաքի կենտրոնում հավաքված բազմությունը պահանջում է երկրի ղեկավարի հրաժարականը: Երկրի նախագահի վարկանիշն իջել է մինչև 5 տոկոս, իսկ նրա վարած քաղաքականությունը չի ընդունում բնակչության 90 տոկոսը:
Հարավային Կորեայի նախագահի շուրջ քաղաքական սկանդալն ի հայտ է եկել այն ժամանակ, երբ նա հրապարակային ներողություն է խնդրել այսպես կոչված «արտահոսք» -ի համար, երբ հանրայնացվել են երկրի ղեկավարի տասնյակ տեքստեր մինչ դրանց պաշտոնական հրապարակումը: Դրանից բացի, չի բացառվում, որ նախագահի ընկերուհին յուրացրել է բիզնես ընկերությունների միջոցներն արտերկրում անշարժ գույք ձեռբերելու, ինչպես նաև իր աղջկա ուսման վարձը վճարելու համար: