acabion-elevated-tracks-no-speed-limit-future-30417_1

Մենաշնորհային կառույցները տնտեսության մեջ կարող են լուրջ սոցիալ-տնտեսական հետևանքների հանգեցնել (ոչ շուկայական գները, քանակական սահմանափակումները և այլն), մասնավորապես, տեխնոլոգիական առաջընթացի խնդիրն այժմ բավականին արդիական է:

Արդյո՞ք մենաշնորհները նպաստում են տնտեսության մեջ տեխնոլոգիական առաջընթացի գրանցմանը, թե` ոչ: Մյուս կողմից էլ, կարևոր է հասկանալ գնային խտրականության երևույթը և, թե որ պարագայում մենաշնորհները կարող են դիմել այդ քայլին: Վերը նշված խնդիրները կքննարկենք ստորև:

Մենաշնորհի սոցիալ-տնտեսական հետևանքները

Շուկայական կառույցների տեսակներն ուսումնասիրելիս պարզ դարձավ, թե մենաշնորհներն ինչ վարքագծային առանձնահատկություններ ունեն և ինչով են տարբերվում մյուս կառույցներից: Մասնավորապես, մենաշնորհի դեպքում տեսանք, որ առաջարկվող ապրանքների և ծառայությունների գները շուկայական գնից շատ ավելի բարձր են սահմանվում, իսկ դրանց թողարկման ծավալն ավելի փոքր է, քան եթե նույն արտադրանքը թողարկվեր շուկայական մյուս կառույցներում: Սա, իհարկե, տնտեսագիտական պարզ բացատրություն ունի, սակայն խնդիրը ոչ թե տրամաբանական բացատրություններն են, այլ այն, որ գների ավելի բարձր մակարդակը և ապրանքների ավելի քիչ թողարկվող քանակն էապես կարող են ազդել հասարակական բարեկեցության վրա և, որպես սոցիալ-տնտեսական բացասական հետևանք, ճգնաժամային իրադրություններում նպաստել դրանց խորացմանը: Երկրում տնտեսական ճգնաժամային իրավիճակներում, երբ ինֆլիացիան (գնաճ) արագ տեմպերով բարձրանում է, իսկ սպառողն իր հաստատուն բյուջեով այլևս իվիճակի չի լինում կատարել նախկին ծախսերը, բնականաբար, մենաշնորհային ապրանքներն ու ծառայությունները երկրորդական պլան են մղվում` նախապատվությունը թողնելով առաջին անհրաժեշտության ապրանքներին (հատկապես, խոսքը վերաբերում է միջին և ցածր խավի բնակչությանը): Այս պարագայում, եթե մենաշնորհային ֆիրման տնտեսական ճգնաժամի պատճառով ապրանքների համար ձեռքբերվող ռեսուրսների գների հետ կապված խնդիր է ունենում (այսինքն, եթե ռեսուրսների շուկայում ևս բարձրանում են գները), իսկ ֆիրման էլ ինչ-ինչ պատճառներից ելնելով չի կարողանում երկար ժամանակ աշխատել վնասով (իջեցնել ապրանքների գները), վերջինս ստիպված է պարզապես համակերպվել պահանջարկի (թողարկման ծավալի) կրճատման հետ և այլ միջոցներ ձեռնարկել ճգնաժամից դուրս գալու համար: Այսինքն, տեսնում ենք, որ տնտեսական ճգնաժամը, մասնավորապես, ինֆլիացիան մի կողմից կարող է է՛լ ավելի ազդել առանց այդ էլ բարձր սահմանված գների վրա, մյուս կողմից էլ պատճառ դառնալ թողարկման ծավալի է՛լ ավելի կրճատման: Հետևաբար, այս առումով մենաշնորհները սոցիալ-տնտեսական բացասական հետևանք են թողնում սպառողի, այսինքն՝ հասարակության համար:

Սոցիալ տնտեսական բացասական հետևանք է նաև այն, որ մենաշնորհի պարագայում սպառողը զրկված է ընտրության հնարավորությունից: Ակնհայտ է և պարզ, որ ճյուղում միայն մեկ ֆիրմայի առկայության պայմաններում բացակայում է այլընտրանքի հնարավորությունը: Այսինքն, չկան այլ արտադրողներ, հետևաբար՝ սպառողը չունի հնարավորություն որոշելու, թե որ ֆիրմայի արտադրանքից պետք է օգտվի: Առաջարկը միայն մեկն է, հետևաբար՝ սպառողը կարող է որոշում կայացնել կա՛մ ձեռք բերել այդ արտադրանքը, կա՛մ հրաժարվել ընդհանրապես դրա սպառումից: Մենաշնորհային արտադրանքը չունի փոխարինիչ, այսինքն՝ իր տեսակով միակն է: Սա էլ իր հերթին հնարավորություն է ընձեռում մենաշնորհային ֆիրմային օգտվել այդ առավելությունից և ազդել սպառողական վարքագծի վրա` առանց հաշվի նստելու այնպիսի օբյեկտիվ գործոնների հետ, որոնց վերջինս ուշադրություն չէր կարող չդարձնել, եթե գործեր մրցակցության պայմաններում: Մյուս կողմից էլ, սխալ է կարծել, որ մենաշնորհային ֆիրման, թողարկելով յուրատեսակ արտադրանք, որը չունի փոխարինիչ, հաշվի չի առնում սպառողի ցանկությունները և որակապես չի բարելավում այդ արտադրանքը: Ցանկացած ռացիոնալ արտադրող իր տնտեսական գործունեությունը կազմակերպելիս, բնականաբար, ձգտում է դրանից հնարավորինս մեծ շահույթ ստանալ: Նույնն էլ մենաշնորհային ֆիրման. շահույթի ավելի մեծ չափաբաժին ստանալու համար վերջինս ոչ թե գերագնահատում է իր դիրքը (այսինքն, հասկանալով այլընտրանքի բացակայությունը, մտածում, որ այսպես, թե այնպես սպառողը պետք է գնի իր առաջարկած արտադրանքը), այլ քայլեր է ձեռնարկում այդ արտադրանքը բարելավելու ուղղությամբ: Վերջինս նույնսիկ կարող է ֆինանսական միջոցներ ծախսել իր շուկայական սեգմենտի շրջանակներում հարցումներ անցկացնելու, սպառողի առաջարկներն ու դժգոհությունները հասկանալու նպատակով: Վերլուծելով այդ ամենը և կատարելով անհրաժեշտ հետևություններ՝ մենաշնորհային ֆիրման կարող է էլ ավելի մեծացնել սպառողի թիվը (օրինակ, ձեռք բերել այնպիսի սպառողի քանակ, ովքեր արտադրանքի որակական ցուցանիշներից դժգոհելով հրաժարվել էին դրա ձեռքբերումից) կամ, պարզապես, մեծացնել վաճառքի տեմպերը` արտադրանքի կատարելագործման շնորհիվ բավարարելով սպառողի պահանջները: Այնպես, որ միանշանակ ասել, թե այլընտրանքի բացակայությունն ամբողջովին բացասական հետևանք է, այդքան էլ ճիշտ չի լինի: Իհարկե, մրցակցության և սպառողի իրավունքների տեսանկյունից այլընտրանքի բացակայությունը բացասական է դիտարկվում և դրանում այլ խոսք լինել չի կարող: Սակայն առաջարկվող ապրանքի կատարելագործման տեսանկյունից՝ մենաշնորհը երբեմն նպաստում է վերջինիս ավելի արագ և ավելի արդյունավետ իրականացմանը:

Այս համատեքստում սպառողի և այլ արտադրողների տեսնակյունից՝ սոցիալ-տնտեսական բացասական հետևանք է նաև այն, որ մյուս արտադրողները զրկված են մենաշնորհային արտադրանք թողարկելու հնարավորությունից: Նախորդ հոդվածներում արդեն քննարկել ենք լիցենզիաների և պատենտների ձեռքբերման հարցը, որը, ինչպես տեսանք, բավականին թանկ հաճույք է, սակայն ձեռքբերման պարագայում ֆիրմային շուկայում կրկնօրինակներից խուսափելու երաշխիքներ է տալիս: Այսինքն, մասնավորապես տեխնոլոգիայի պատենտավորման պարագայում մյուս արտադրողներն օրինական արգելքի առջև են կանգնում նման տեխնոլոգիայով արտադրություն կազմակերպելու հարցում: Պատենտներն ու լիցենզիաները լուրջ օբյեկտիվ արգելակիչներ են մենաշնորհային ճյուղ մուտք գործելու համար: Բայց ասել, որ սրանք բացասաբար են ազդում տնտեսության վրա, իսկ, որպես սոցիալ-տնտեսական հետևանք, հասարակության համար ունեն ոչ դրական միտումներ` շատ վիճելի է: Պատենտները տրվում են գիտության մեջ կամ այլ ոլորտներում կատարված նորարարությունների, գյուտերի համար` որպես ստեղծված նոր բարիքի (տեխնոլոգիայի) նկատմամբ գյուտարարի հեղինակային իրավունքը հավաստող արտոնագիր: Այդ գյուտերի միջոցով ապահովվում է տեխնոլոգիական առաջընթացը, որն էլ իր հերթին թույլ է տալիս ավելի կատարելագործված (հետևաբար՝ ավելի քիչ ծախսատար) տեխնոլոգիաների միջոցով զարգացնել արտադրական ոլորտները: Մյուս կողմից էլ, նորարարությունները բավականին թանկ արժեն, և շատ դեպքերում նույնիսկ մենաշնորհային ֆիրմաները չեն դիմում դրանց` նպատակահարմար գտնելով օգտագործել հին տեխնոլոգիաները (հետևաբար, արգելակում են տեխնոլոգիական հետագա առաջընթացը): Այսինքն, մի կողմից նկատում ենք մենաշնորհների դրական, մյուս կողմից էլ բացասական ազդեցությունը տեխնոլոգիական առաջընթացի վրա: Ավելի մանրամասն քննարկենք վերոշարադրյալը:

Որպես մենաշնորհների սոցիալ-տնտեսական հետևանք` տեխնոլոգիական առաջընթացի վերաբերյալ կարծիքները հակասական են և երկուստեք փաստարկված: Իրականում, այդ հակասական կարծիքներից յուրաքանչյուրը ճիշտ է որոշակի իրավիճակների ու դեպքերի պարագայում: Հասկանանք այդ իրարամերժ պնդումները:

Մենաշնորհները խոչընդոտում են տեխնոլոգիական առաջընթացը:

Սա բացատրվում է նրանով, որ մենաշնորհային ճյուղերում արտադրություն կազմակերպելու համար պահանջվող հաստատուն ծախքերը բավականին մեծ են: Բացի այդ, շատ հաճախ նման ճյուղերում տնտեսական գործունեություն կազմակերպելու համար անհրաժեշտ է լինում կիրառել հատուկ տեխնոլոգիաներ, օգտագործել նեղ մասնագիտացված թանկարժեք տեխնիկա, սարք-սարքավորումներ: Տեխնոլոգիական առաջընթացն իրենից ենթադրում է նորարարությունների իրագործում, տեխնոլոգիաների կատարելագործում, որը, իհարկե, թույլ է տալիս կազմակերպել ավելի խնայող արտադրություն: Նման պարագայում, սակայն, մենաշնորհային ֆիրմաները ոչ հաճախ են դիմում նորարարությունների ներմուծմանը տնտեսության մեջ, քանի որ դրանք բավականին թանկարժեք են և ձեռքբերման համար լուրջ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ: Մյուս կողմից էլ, ճյուղում մենաշնորհային ֆիրման գործում է միայնակ, չունի մրցակիցներ: Այսինքն, կարողանում է ամբողջովին վերահսկել գինը (սահմանել իրեն ձեռնտու գնային տարբերակը): Հետևաբար, մենաշնորհային ֆիրման նորարարությունների կիրառման և դրանց միջոցով ավելի քիչ ծախսատար, խնայող արտադրություն կազմակերպելու փոխարեն շատ հանգիստ կնախըտնրի օգտագործել արդեն հնացած տեխնոլոգիայով աշխատող, այսինքն՝ բարոյապես մաշված իր տեխնիկան` մինչև դրա ֆիզիկապես մաշվելը և սահմանել իր ցանկացած գինը: Տեխնիկայի բարոյապես մաշվածությունն այնքան էլ կարևոր չէ մենաշնորհային ֆիրմայի համար, քանի որ վերջինս մրցակցության բացակայության պայմաններում մտավախություն չունի, որ որևէ մեկը կգրավի իր դիրքերը: Հետևաբար, այդ ֆիրման միանգամից չի ձգտում այդպիսի ֆինանսական միջոցներ ծախսել, նոր տեխնիկա ձեռք բերել և կրճատել իր ծախքերը, քանի որ դրա փոխարեն անհրաժեշտության դեպքում կարող է բարձրացնել արտադրանքի գինը: Փաստերը ցույց են տալիս, որ իրականում որոշ ոլորտներում, մասնավորապես, ծանր արդյունաբերությամբ զբաղվող մենաշնորհային ֆիրմաները, հենց այդպես էլ անում են: Այս ոլորտում օգտագործվող տեխնիկաները բավականին թանկ արժեն, իսկ ֆիրմայի հաստատուն ծախքերը շատ մեծ են: Այդ ֆիրմաները չեն ձգտում ամեն մի նոր տեխնիկայի ձեռքբերման համար հսկայական ֆինանսական միջոցներ ծախսել և վերազինել իրենց տեխնիկական միջոցները, հաստոցները, սարքերն ու սարքավորումները, քանի որ նույնիսկ մենաշնորհների համար դրանք բավականին ծախսատար կարող են լինել, իսկ առկա տեխնիկական միջոցները բավարարում են արտադրության կազմակերպման պահանջներին: Հետևաբար, ստացվում է, որ մենաշնորհներն այս կերպ խոչընդոտում են տնտեսության մեջ տեխնոլոգիական առաջընթացի գրանցմանը:

Մենաշնորհները խթանում են տեխնոլոգիական առաջընթացը:

Ինչպես տեսնում ենք, սա վերը նշված բացասական մեկնաբանության տրամագծորեն լրիվ հակառակ կարծիքն է, որը բացատրվում է հետևյալ կերպ: Մրցակցային ֆիրմաները չեն ունենում կուտակած տնտեսական շահույթ, քանի որ երկարաժամկետ հատվածում վերջիններս գործում են նորմալ տնտեսական շահույթով միայն: Հետևաբար, դրանք ի վիճակի չեն ֆինանսավորելու գիտական հետազոտությունները և նոր տեխնոլոգիաների մշակման ծրագրերը: Իսկ մենաշնորհային և օլիգոպոլ ֆիրմաները, այսինքն՝ խոշոր արտադրողները, իհարկե, ունենում են կուտակած հսկայական տնտեսական շահույթ, և կարողանում են ֆինանսավորել ու ապահովել գիտատեխնիկական առաջընթացը: Այսինքն, գիտական լաբորատորիաների աշխատանքները ֆինանսավորվում են հենց մենաշնորհների կողմից, որը զարգացած երկրներում բավականին ընդունված գործընթաց է: Մենաշնորհային և օլիգոպոլ ֆիրմաները երբեմն նույնիսկ համատեղ են ֆինանսավորում այս կամ այն գիտահետազոտական աշխատանքները, քանի որ հաճախ նույնիսկ միայնակ հնարավոր չէ ֆինանսավորել նման աշխատանքները` ահռելի ֆինանսական միջոցների ներդրման պատճառով: Իհարկե, նրանցից յուրաքանչյուրը պատվիրում է իր արտադրանքի ավելի կատարելագործված տարբերակը և ունի սեփական շահը: Ստացվում է, որ մենաշնորհային ֆիրման ֆինանսավորում է գիտատեխնիկական ոլորտը, որն ի պատասխան՝ առաջարկում է արտադրական նոր տեխնոլոգիաներ, որոնց կիրառմամբ ֆիրման նվազեցնում է իր ընդհանուր, միջին ու սահմանային ծախքերը, հասնում է մասշտաբի դրական էֆեկտի էլ ավելի բարձր մակարդակի, հետևաբար, ամբողջովին օբյեկտիվ պատճառով կանխում է նորեկների մուտքը ճյուղ: Ինչպես նշեցի, ծանր արդյունաբերության ոլորտում գործող մենաշնորհային ֆիրմաների համար այս ամենը ձեռնտու չէ, սակայն կան ոլորտներ, որոնց պարագայում տեղի է ունենում միանգամայն հակառակը: Այդ ոլորտներում ֆիրմաներն իրենց մենաշնորհային դիրքերը կարող են պահպանել միայն գիտատեխնիկական հետազոտությունների ֆինանսավորման շնորհիվ, քանի որ գիտատեխնիկական առաջընթացից թեկուզ մեկ քայլով հետ մնալիս կամ տեղում դոփելիս տվյալ ֆիրմանները կարող են լուրջ վտանգի առջև կանգնել. նոր ֆիրմաները հնարավորություն կունենան առաջ անցնել, պատենտավորել մենաշնորհային ֆիրմայի արտադրանքի նոր տեխնոլոգիան, հետևաբար, ավելի խնայող արտադրություն կազմակերպել և խլել շուկայական սեգմենտը: Այսինքն, մենաշնորհային դիրքը նման ոլորտներում, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կարող է պահպանվել միայն ի շնորհիվ գիտատեխնիկական առաջընթացի: Այնպես, որ այս տեսակետը ևս ճշմարիտ է:

Այսինքն, կարող ենք հստակ ասել, որ երկու պնդումներն էլ ճիշտ են և արդարացի, սակայն յուրաքանչյուրը ճշմարիտ է տարբեր ոլորտների պարագայում: Օրինակ, անգլիական BP (British Petrolium) նավթարդյունահանող և վերամշակող հայտնի կորպորացիան այլընտրանքային էներգիայի ստացման համար տասնյակ միլարդ դոլարներ է ծախսում: Ինչու՞, քանի որ նավթը սահմանափակ, վերջացող ռեսուրս է, իսկ այդ ֆիրման հասկանում է, որ էներգիայի այլընտրանքային աղբյուրները (արևը, քամին և այլն) առավելագույնս արդյունավետ օգտագործելու տեխնոլոգիաների մշակման անհրաժեշտություն կա, և այդ ոլորտում նա հսկայական ֆինանսավորումներ է իրականացնում՝ գիտությունը զարգացնելու համար, որպեսզի նավթի պաշարների վերացման, սպառման դեպքում այլընտրանքային էներգիայի աղբյուրների գծով այն դառնա խոշոր արտադրող: Այսինքն, վերջինս հսկայական ներդրումներ է կատարում ապագայի համար՝ միաժամանակ թե՛ խթանելով գիտական ոլորտում նորարարությունների մշակման գործընթացը, թե՛ հետագայի համար ապահովելով իր գերիշխող դիրքն այդ ոլորտում:

Ինչպես տեսնում եք, որպես սոցիալ-տնտեսական հետևանք, տեխնոլոգիական առաջընթացը մենաշնորհների կողմից, այնուամենայնիվ, դրական է գնահատվում և շահույթի մասնաբաժինը մեծացնելու համար անհրաժեշտ պայման է: Չենք կարող չփաստել, որ 21-րդ դարում գիտատեխնիկական այսպիսի առաջընթաց չէր գրանցվի, եթե չլինեին մենաշնորհային այն ֆիրմաները, որոնք հսկայական ներդրումներ են կատարել այդ ոլորտում և հնարավորություն տվել գիտությամբ զբաղվողներին գործնականում իրականացնել իրենց թանկարժեք մտահղացումները:

Գնային խտրականությունը

Հարկ եմ համարում նշել նաև գնային խտրականության մասին, քանի որ սա ևս, որպես մենաշնորհային ֆիրմայի վարքագծային առանձնահատկություն, թողնում է իր սոցիալ-տնտեսական հետևանքները` չնայած, որ այն ավելի շատ պատճառահետևանքային կապերի արդյունք է:

Գնային խտրականությունն այն դեպքն է, երբ արտադրողը կարողանում է նույն ապրանքը վաճառել սպառողի տարբեր թիրախային խմբերի՝ տարբեր գներով: Գնային խտրականություն, իհարկե, իրականացնում են ոչ միայն մենաշնորհային ֆիրմաները: Սա լայնորեն կիրառվում է նաև օլիգոպոլիայի դեպքում: Գնային խտրականություն իրականացնելու հնարավորությունը կախված է նրանից, թե որքանով ավելի վերահսկող դիրք ունի ֆիրման շուկայական սեգմենտի նկատմամբ: Որքան շատ, այնքան ավելի մեծ է հնարավորությունն այսպիսի խտրականություն կիրառելու համար: Որքան սահմանափակ են նրա վերահսկողության հնարավորությունները, այնքան ավելի քիչ է հնարավոր գնային խտրականություն կիրառել:

Այսինքն, հաշվի առնելով վերոգրայլը՝ կարող ենք առանձնացնել գնային խտրականության տարբեր աստիճաններ (կախված շուկայական սեգմենտի նկատմամբ ֆիրմայի ունեցած վերահսկողության մակարդակից): Լիարժեք գնային խտրականության դեպքում ֆիրման կարողանում է ամբողջությամբ վերահսկել սպառողին: Ընդհանրապես, համաձայն պահանջարկի օրենքի, գիտենք, որ արտադրանքի թողարկման ծավալի և դրա գնի միջև գոյություն ունի հակադարձ համեմատական կապ: Այսնինք, որքան բարձր են գները, այնքան ավելի քիչ կսպառվի այդ բարիքը և հակառակը` որքան ցածր լինեն գները, այնքան ավելի մեծ սպառում կապահովվի: Հետևաբար, երբ ֆիրման ցանկանում է մեծացնել իր սպառման ծավալը, այն պետք է իջեցնի ապրանքի գինը: Սակայն այն պարագայում, երբ գործ ունենք մենաշնորհային ֆիրմայի հետ, վերջինս սպառման ծավալը մեծացնելու համար անհրաժեշտություն չունի իջեցնելու ապրանքի թողարկվող քանակի գինն ամբողջությամբ, քանի որ կարող է լայնորեն կիրառել գնային խտրականություն: Այսինքն, վերջինս կարող է նախկին քանակության սպառողին ապրանքը վաճառել նույն բարձր գնով, իսկ լրացուցիչ միավորի սպառողին՝ ավելի ցածր գնով: Երբ չկար գնային խտրականություն, ֆիրման չէր կարող մի սպառողին վաճառել, ենթադրենք, մի քանակությունը 100 դրամով, մեկ այլ, լրացուցիչ միավորը՝ 80 դրամով: Նա ողջ քանակությունը պետք է վաճառեր մեկ ֆիքսված գնով: Այս դեպքում չկա նախորդ միավորի գնի իջեցում, ամեն մի միավոր վաճառվում է տարբեր գնով: Եվ այստեղից էլ ակնհայտ է, որ գնային խտրականության ժամանակ ֆիրմայի տնտեսական շահույթներն անհամեմատ ավելի մեծ են լինում: Այսինքն, գնային խտրականություն իրականացնելու դեպքում ֆիրման ամբողջությամբ իրացնում է սպառողի ավելցուկը: Ֆիքսված շուկայական գնի պայմաններում ֆիրման, համաձայն պահանջարկի օրենքի, կարող է վաճառել ապրանքի որոշակի քանակություն այն դեպքում, երբ միևնույն ժամանակ կա սպառողի մի զանգված, որը պատրաստ կլիներ ավելի բարձր գնով ձեռք բերել նույն քանակությունը: Գնային խտրականության միջոցով ֆիրման սպառողի ողջ այդ ավելցուկն իրացնում է, քանի որ կարող է սպառողի որոշակի խմբին վաճառել մի գնով, մյուսներին՝ այլ, այսինքն՝ ամեն միավոր վաճառել տարբեր գնով:

Հիմնականում, գնային խտրականության հետ առնչվում են հենց արտադրողները, նույնիսկ մենաշնորհային ֆիրմաները` խոշոր ռեսուրսների մատակարարներից ավելցուկները գնելիս: Խոշոր ռեսուրսների մատակարարները կարողանում են կարգավորել իրենց ռեսուսրների գները՝ տարբեր արտադրողների դրանք մատակարարելով տարբեր գներով: Մենք, որպես սպառող, ևս առնչվում ենք սրա հետ: Օրինակ, երբ բջջային հեռախոսի քարտերը վաճառվում են տարբեր գներով: Իմաստն այն է, որ կան սպառողներ, որոնք պատրաստ են ավելի բարձր գին վճարել այդ քարտի համար, և կան այնպիսինները, որոնք չեն կարող այդ քարտը ձեռք բերել նշված գնով: Քարտի որակը կամ ֆունկցիան գնի փոփոխությունից, իհարկե, չի փոխվում, բայց չէ՞ որ այդ ընկերությունները կարողանում են նույն քարտը տարբեր գներով իրացնել տարբեր սպառողների խմբերի:

Այն, որ ֆիրմաները սրանից տնտեսական մեծ շահույթ են ստանում, ակնհայտ է և, իհարկե, վերջիններս ձգտում են գնային խտրականության կիրառման, բայց ոչ բոլորին է դա հաջողվում: Իսկ ի՞նչ է անհրաժեշտ գնային խտրականություն իրականացնելու համար:

  1. Ֆիրման պետք է կարողանա առանձնացնել սպառողներին ըստ վճարունակության: Այսինքն, անցկացնի համապատասխան հետազոտություններ և թիրախավորի սպառողներին` ըստ նրանց վճարելու հնարավորության:
  2. Ֆիրման պետք է շուկայում ունենա բավականին լուրջ իշխանություն՝ գնի թելադրման առումով: Օրինակ՝ զուտ մրցակցային ֆիրման չի կարող գնային խտրականություն իրականացնել, քանի որ այն գին ընդունող է, ոչ թե թելադրող, իսկ դա կարևոր նախապայման է:
  3. Ֆիրման պետք է կարողանա կանխել ապրանքի վերավաճառքը մի խմբից մյուսին: Եթե ապրանքը ֆիրմային ձեռք բերեն ցածր գնով և վաճառեն ուրիշ խմբի սպառողներին ավելի բարձր գնով, ֆիրման կկորցնի շուկայում գնի վերահսկողությունը, այսինքն՝ գնի փոփոխության միջակայքը կփոքրանա: Դրա համար, օրինակ, հենց նույն բջջային հեռախոսների քարտերը վաճառելիս ֆիրմաները սպառողի հետ պայմանագիր են կնքում, որի համաձայն, օրինակ, 1 տարի ժամկետով այդ քարտը չի կարող անվանափոխվել և այլն: Այդպիսով, նա գոնե որոշ ժամանակահատված վերահսկում է վերավաճառքի հնարավորությունը:

Ինչպես տեսնում եք, բոլոր անհրաժեշտ հատկություններով մենաշնորհային ֆիրմաներն օժտված են` գնային խտրականություն կիրառելու համար: Սա ստացվող շահույթի մակարդակը մեծացնելու նպատակով կիրառվող օրինական միջոց է: Իհարկե, որպես սոցիալ-տնտեսական հետևանք, գնային խտրականությունը չափազանց ձեռնտու տարբերակ է ֆիրմաների համար, իսկ սպառողին, բնականաբար, ձեռք չի տալիս, քանի որ, եթե վերջինս պատրաստ էր այդ ապրանքը ձեռք բերել սահմանված գնից ավելի բարձր գնով, ապա հենց այդպես էլ լինում է: Այսինքն, այն իր դրական հետևանքն է թողնում ֆիրմաների և բացասականը`սպառողի համար:

Ամփոփելով մենաշնորհների թեման` պետք է արձանագրենք, որ այն տնտեսության մեջ իրականում բացասական երևույթ չէ և խորն ուսումնասիրելու արդյունքում պարզ է դառնում, որ հասարակության շրջանում վերջինիս հանդեպ ձևավորված բացասական կարծիքը մասնագիտական հիմնավորումներ չունի: Մի կողմից բնական մենաշնորհները, մյուս կողմից տեխնոլոգիական առաջընթացի խթանման հնարավորությունը շուկայական այս կառույցներին տալիս են դրական երանգներ, իսկ տնտեսագիտորեն էլ փաստարկվում է տնտեսական որոշ ճյուղերում մենաշնորհների առավելությունները, երբեմն նույնիսկ դրանց անփոխարինելիությունը` սպառողի շահերի տեսնակյունից: Այնպես, որ մենաշնորհներն իրականում ճիշտ է դիտարկել ոչ թե պաթետիկ և չհիմնավորված, այլ տնտեսագիտական վերլուծությունների մակարդակով, որը թույլ է տալիս հասկանալ դրանց արդյունավետության իրական պոտենցյալը:

Արեգ Սարգսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել