Երեւանի պետական համալսարանի կենտրոնական մասնաշենքի մոտ այսօր` փետրվարի 25-ին, ժամը 11.30-ին, մեկնարկել է բողոքի ակցիա: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ մի խումբ երիտասարդներ պաստառներով հավաքվել են եւ ուսանողությանը կոչ են անում դասադուլ անել, միանալ պայքարին: Պաստառները հետեւյալ գրություններով են` «Բարեւ, ոտքի բոլորը, բարեւ դասադուլ, բարեւ արդարություն, «ոչ» ասացեք կոռուպցիային, մեր ձայները չեն վաճառվում» եւ այլն: Երիտասարդները շեշտել են, որ իրենց բողոքի ակցիայով չեն խանգարում դասապրոցեսին, քանի որ այն անցկացնում են դասամիջոցին: Տարածքում մեծաթիվ ոստիկաններ եւ կարմիր բերետավորներ կան:
Ավելի վաղ բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարություն էին տարածել եւ նշել. «Մենք՝ ՀՀ ուսանողներս, պահանջում ենք անվավեր ճանաչել կեղծված ընտրությունները և անցկացնել նոր ընտրություններ։ Այդ պահանջով հայտարարում ենք անժամկետ դասադուլ։ Կոչ ենք անում բոլոր ուսանողներին, համախմբվել և տեր կանգնել ազգի ձայնին»:
Նշենք, որ ՀՀ ԿԳՆ հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը հայտարարություն էր տարածել եւ նշել, որ առավոտյան ժամը 09.30-ի դրությամբ ՀՀ բոլոր պետական ուսումնական հաստատություններում դասերը մեկնարկել են: Նրանց փոխանցմամբ` բացակայությունների թիվն այլ ուսումնական օրերից չի տարբերվում: ՀՀ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական հաստատությունների տարածքում քաղաքական գործունեությունն ու քարոզչությունն արգելված է ՀՀ օրենսդրությամբ:
news.am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել