Image result for լևոն ալթունյանԱռողջապահության նախարարը սխալը սխալի հետևից է անում: Սկզբում հայտարարում է, որ մահացած ծննդկաններով զբաղվում են դատարաններն ու մորգը, հետո՝ հանրային աղմուկից հետո, պատրաստակամություն հայտնում ընդունել մահացած ծննդկանների հարազատներին: Ավելի լավ կաներ դրա փոխարեն ներողություն խնդրեր, մեկ է, ինքն իրավասու չէ զբաղվելու այդ խնդիրներով, դրանք մորգինն ու դատարաններինն են, ընդունում է, որ ի՞նչ անի...
Առողջապահության ոլորտը հեշտերից չէ, ու առաջին իսկ օրերից պետք է արմատական փոփոխություններ մտցնել այստեղ, ոչ թե մեյմունություն անել լրագրողների մոտ, հետո լրիվ այլ բան հայտարարել:
Մի երկու բան, որ խորհուրդ կտայի զբաղվել նախարարին՝ յուր 8 խորհրդականների, 4 տեղակալների և 2 օգնականների հետ համատեղ.
1. Զբաղվել դեղերի շուկայով և մաքրել այն կավիճից ու տարատեսակ թույներից, որոնք դեղի անվան տակ ու բարձր գներով վաճառվում են հանրությանը (չխնայել անգամ Լֆիկին):
2. Հիմքից թափ տալ պոլիկլինիկա կոչվածը: Վերանայել տեղի բժիշկների պրոֆեսիոնալիզմն ու ոչ պրոֆեսիոնալ կադրերին ուղարկել հանգստի (չվաստակած): Պոլիկլինիկայի բժիշկներն աշխատում են օրական 3 ժամ, որից 40 րոպեն ուշացած են բարեհաճում ժամանել: Դե իսկ պրոֆեսիոնալիզմի մասին թերևս չխոսեմ. ծայրահեղությունից ծայրահեղություն են: Լավ հմտացած են սուրճ խմելու և քաղցրավենիք ուտելու մեջ: Կոնկրետ 11 պոլիկլինիկայի բուժանձնակազմի թերևս 30%-ը սրտացավ ու գրագետ լինի:
3. Հետևողական լինել մահվան բոլոր դեպքերին: Անձամբ հետևել կամ յուր 14 օգնականախորհրդականների միջոցով նպաստել, որպեսզի հիվանդի մահվան մեղավոր բժշկին ցմահ զրկեն բժշկությամբ զբաղվելու լիցենզիայից: Նման դեպքերում չեն ասում «դե մարդա, սխալվելա, ու՞մ հետ չի պատահում»: Այս ոլորտում ՉՊԵՏՔ Է սխալվեն: Քրեական գործի հարուցմամբ կզբաղվեն Ձեր ասած դատարանները, Դուք սկզբի համար արգելեք նմաններին հիվանդանոց ոտք դնել:
4. Էթիկայի ու նրբանկատության դասեր անցկացրեք «Շտապ օգնության» բժիշկների հետ: Ծայրահեղ կիրթ ու պրոֆեսիոնալ բժշիկներ շատ կան, բայց, ցավոք, քիչ չեն նաև աննրբանկատներն ու կոշկակարները:
5. Հետևողական եղեք նույն «Շտապ օգնության» բժիշկ-բուժքույրերի աշխատանքային օրենսգրքով սահմանված նորմերի պահպանմանը: Պայմանագիր են կնքում 13-14 այց կատարելու, բայց կատարում են 23-24 այց: Ֆիզիկական հոգնածությունից զատ դա ԱՕ-ի նորմերի կոպիտ խախտում է:
6. Հիվանդանոցների սպասարկող բուժանձնակազմի ջեբկիրի ու մուրացկանի հոգեբանության մասին թերևս բոլորը գիտեն: Սկսած ընդունարանից, վերջացրած բաժնի վարիչներով՝ նայում են գրպանիդ: Չհաշված հիվանդին տարվող ուտելիքները, որոնք բաժանմունք մտնելուն պես հօդս են ցնդում սանիտարների թեթև ձեռքով:
Սրանք թերևս այն հիմնական խնդիրներին էին, որոնք ես՝ ոլորտի մեջ չգնվող քաղաքացիս, նկատել ու առնչվել եմ:
Այսքանը գրեցի, պարո՛ն նախարար, որպեսզի գործ ունենաք զբաղվելու, ոչ թե խաղ ու պարի վերածեք ոլորտի կառավարումը: Սա ԱՊՊԱ-յի ոլորտը չէ, այստեղ մարդկային կորուստը դրամական փոխհատուցման ենթակա չէ, այստեղ ամեն ինչ մարդուն է լինում, ոչ թե ժեշտին: Կարեն Կարապետյանի ձևավորած կառավարության հետ շատերն են հույսեր կապում. ցավոք, Դուք դեռ այդ ցուցակում չեք: Ապացուցեք, որ սխալվում եմ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել