Քիչ առաջ վերադարձա Հրազդան քաղաքից, ուր գնացել էի ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զոհված Կարեն Հակոբյանի հոգեհանգստին մասնակցելու նպատակով, ում մասին երեկ լրատվամիջոցներում կարդացել էի, բայց չգիտեի, որ անձամբ ճանաչում եմ նրա հարազատ եղբորը` Կորյունին... Չափից ավելի ծանր էր տեսնել ներկա բազմաթիվ մարդկանց ու հատկապես նրա ընտանիքի անդամների վիշտն ու ապրումները, ովքեր խաղաղ պայմաններում ու ոչ թշնամու գնդակի պատճառով կորցրել էին իրենց մտերիմին, եղբորը, որդուն, ում դեմքը ծածկված էր...
Էլ ավելի ցավալի էր, որ ոչ ոք տեղյակ չէր դեպքի մանրամասներից, ոչ մի սպա ու զինվոր չեն խոսում դեպքի մասին, բոլորը միայն վստահեցնում են, որ ծառայության ընթացքում որևէ խնդիր չի ունեցել, հետևաբար ինքնասպանության վարկածը բացառվում է: Չեմ ուզում ինձ դատական բժշկի կամ հետաքննիչի տեղ դնել, հույս ունենալով, որ մեղավորները կարճ ժամկետներում կհայտնաբերվեն ու խստագույնս կպատժվեն, մանավանդ որ իմ ներկա գտնվելու ընթացքում նրանց այցելեց նաև Մարգարիտա Խաչատրյանը, նույն ինքը` ՄԱՌՈԶ տատին, ում տեսնելով, ծնողների մոտ մի փոքր հավատ առաջացավ, որ գործը կբացահայտվի...
Մենք միշտ խաղաղություն ենք մաղթում իրար, որ սահմանի վրա կանգնած զինվորը պատվով տուն վերադառնա, բայց այսօր համոզվեցի, որ մեր միջի թշնամին երբեմն ավելի վտանգավոր կարող է լինել, դրա համար մաղթում եմ, որ նախ և առաջ մեր բանակից ի սպառ վերանան բոլոր տականքներն ու ներքին թշնամիները, ովքեր ունակ են հայ զինվորին զրկել կյանքից, հայ մորը զրկել որդուց, մեզ բոլորիս զրկել հայրենիքի պաշտպանից...
Երևան գալու ճանապարհին ընկերս միայն մի նախադասություն ասեց. "Իզուր չի, որ մարդիկ տունը ծախում են, իրանց երեխեքին ազատում են բանակից"... Ու որքան էլ ես համամիտ չլինեմ այդ մտքի հետ, նման դեպքերից հետո իրոք չես կարողանում հակառակն ապացուցել...
Թող զինծառայողների ծնողներն ու հարազատները չմտահոգվեն, քանի որ նման դեպքերը բարեբախտաբար մեծ թիվ չեն կազմում, թող սա որպես բանակը փնովելու կոչ չլինի, քանի որ ինքս էլ ծառայել եմ ԼԶՀ ՊԲ-ում ու հպարտ եմ դրանով, բայց մարդիկ կան, ովքեր այլևս այդպես չի կարծում ու հպարտանալու առիթ չունեն...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/arman.tatosyan/posts/4470860737657
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել