20-րդ դարասկզբի առաջին հայկական պաշտոնական շքանշաններից էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանը: Ներկայացնենք որոշ ուշագրավ տեղեկություններ այդ շքանշանի վերաբերյալ, ավելի շուտ` շքանշանների, քանի որ նրանք պատրաստվել էին երկու առանձին տարբերակներով՝ աշխարհականների և հոգևորականների համար (նկարում՝ աշխարհականն է):

Շքանշանը սահմանվել էր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցի կողմից դեռևս 1911 թվականին, և շքանշանի վրա նշված են հենց այդ տարեթիվը և կաթողիկոսի անվան «Գ-Ե» սկզբնատառերը։ Սակայն առաջին պարգևատրման մասին տեղեկություն է հայտնվում արդեն Հայաստանի անկախ պետականության տարիներին: Քանի որ հայ եկեղեցին մեծ կարևորություն էր տալիս և աջակցում էր անկախ Հայաստանի դեպի Արևմուտք կողմնորոշմանը, 1919 թ. հոկտեմբերի 1-ին կաթողիկոսը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան է շնորհում Հայաստանում Ֆրանսիայի ռազմական ներկայացուցիչ Անտուան Մարի Ժոզեֆ Պուադըբարին։ Նույն պարգևը շնորհվում է նաև Մեծ Բրիտանիայի Անդրկովկասում կոմիսարի հայաստանյան ներկայացուցիչ կապիտան Գ. Ֆ. Գրիսին 1920 թ. հունվարի 24-ին։ 1920 թ. մարտին Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանը մեկնում է Լոնդոն ու այցելության ընթացքում տեղի առաջնորդ Աբել վարդապետ Նազարյանի հետ որոշում են շքանշանի տեսակները և կարգերը՝ շնորհելով նրան երկու տեսակ ու երեք կարգ. աշխարհականների և հոգևորականների համար, Ա (ոսկի, քարերով), Բ (ոսկի), Գ (արծաթ) աստիճանների: Այդ ժամանակ Լոնդոնում էր նաև նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը, ով հնարավոր է մասնակցել է շքանշանների վերջնական ձևավորման աշխատանքներին։

Հետաքրքիր են նաև հետագա պարգևատրումները. 1920 թ. հոկտեմբերի 14-ին շքանշանը շնորհվում է ամերիկաբնակ հայ դոկտոր Փառնակ Ադամյանին, 1921 օգոստոսի 1-ին՝ Գալուստ Գյուլբենկյանին, օգոստոսի 7-ին՝ Գրիգոր քահանա Մանդակունիին ու Երվանդ Այվազյանին, սեպտեմբերի 9-ին՝ Զորավար Անդրանիկին և 1919-ին նրա ղեկավարած «Հայ կարոտյալների օգնության» Մանչեսթերի հանձնաժողովի 7 անդամներին, Պողոս Նուբարին, Գաբրիել Նորատունկյանին։ Շքանշանները պատրաստվել էին Լոնդոնում սահմանափակ քանակությամբ տեղի առաջնորդի հսկողության ներքո ու այնուհետև տեղափոխվել Հայաստան 1921 թ. կեսերին։ Հայտնի է նաև, որ ընդհանուր առմամբ պատրաստված են եղել 47 աշխարհական և 43 հոգևորական շքանշաններ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել