Ինձ համար անհասկանալի է, թե մինչև որտեղ կարող է հասնել մարդկային հիվանդ երևակայությունը: Մի քանի օր առաջ որդուս դասընկերուհու հետ ֆիզկուլտուրայի դասին դեպք է պատահել` աղջիկը(Մարիամը) այծիկի վրայից թռնելիս ընկել ու վնասել է ձեռքը, որը, ինչպես հետագայում պարզվել է, կոտրվել էր: Դեպքից հետո աղջկա լրագրող մորաքույրը ամեն անգամ իրականությունից տարբեր հոդվածներ է գրել ու տարածել լրատվականների միջոցով: Աղմուկն այնքան է տարածվել, որ «Շանթ» հեռուստաընկերությունից լրագրող է եկել դպրոց, զրուցել ուսուցիչների ու ականատես համադասարանցիների հետ, այդ թվում, նաև որդուս: Երեխաներն իրենք, հետևելով Մարիամի մորաքրոջ տարածած սուտ նորություններին, որոշել են տեսախցիկի առաջ անկեղծանալ ու ներկայացնել դեպքերն այնպես, ինչպես եղել են: Լրագրողը նույնիսկ զարմացել է երեխաների կիրթ ու հավասարակշռված պատասախաններից` կարծելով, թե նրանց նախապես հրահանգվել է` ինչ ասել: Իհարկե, երեխաները փարատել են լրագրողի կասկածները` իրենց պատասխանով: 
Հիմա փորձեմ դեպքերը նկարագրել`ըստ ժամանակագրության երեխաների պատմածով: Ֆիզկուլտուրայի դասն է եղել ու Մարիամն էլ բնավ իրեն վատ չի զգացել ու շատ էլ աշխույժ է եղել: Եկել է նորմատիվը հանձնելու պահը: Ինչպես պատմում են երեխաները, ուսուցիչը եղել է այծիկի մոտ ու հետևել յուրաքանչյուր թռնողին: Մարիամը թռնելիս հավասարակշռությունը կորցրել է ու ընկել, բայց ոչ մի ուշաթափություն չի եղել, ինչպես ներկայացրել է հոդվածագիր մորաքույրը: Շոշափել են ձեռքը, մտածել են պարզապես հարվածից է ցավը, որոշել են ապահովության համար երեխային ուղարկել տուն: Դասղեկը զանգահարել է երեխայի տուն, տանը մորաքույրն է եղել, պատմել է իրողությունը, ասել, որ պատրաստվում է տաքսիով երեխային տուն ուղարկել: Մորաքույրն էլ ասել է, որ կդիմավորի նրան, բայց ինչպես հետագայում տաքսու վարորդն է պատմել «Շանթ.-ի լրագրողին, մորաքույրը նույնիսկ նրան չի էլ դիմավորել, երեխան ինքնուրույն է տուն հասել: Բայց մինչ այդ` դպրոցում, երբ Մարիամը իմացել է, որ պիտի տաքսիով տուն գնա, ցանկացել է ոտքով գնալ, որ քույրիկին էլ իր հետ մանկապարտեզից վերցնի: Բացի այդ, երեխայի մորաքույրը ստել է նաև, թե իբր շատ բարդ`2 ժամանոց վիրահատություն է եղել, այնինչ 20 րոպե է տևել վիրահատական միջամտությունը: Հիմա այսքան երկար-բարակ շարադրում եմ, որ ցույց տամ, որ այն իրավիճակը չի եղել, ինչպես ներկայացնում են` անամոթաբար ստելով ու արատավորելով հանրապետության լավագույն դպրոցներից մեկի պատիվը: Սրանք զուտ գովասանքի խոսքեր չեն, ես չեմ անձնավորում, քանի որ դպրոցը մի քանի ուսուցիչ ու տնօրենը չեն, դպրոցը տարիների եռանդ ու ջանք չխնայած ուսուցչական կոլեկտիվն է` տնօրենի գլխավորությամբ ու որ ամենակարևորն է երեխաներն են ու իրենց ծնողները: Հիմա ցավում եմ, որ մեզանից մեկը համարձակվում է ցեխ շպրտել մեզ վրա: Ես սա ընդունում եմ որպես վիրավորանք` նաև իմ և իմ երեխաներին ուղղված: Ի դեպ, ցանկանում եմ նշել, որ այս ամենը գրում եմ մի քանի ծնողների անունից էլ, ովքեր ևս վրդովված են կատարվածով: Հատկապես մեզ բարկացրել է այն փաստը, որ Մարիամի մորաքույրը դպրոցում հայտարարել է, որ դպրոցը, կներեք արտահայտության համար, «այլանդականոց է», որին ի պատասխան, ստացել է 40 տարվա մանկավարժական փորձ ունեցող ուուցչի նախատինքին: Ինչպես կարելի է նմանատիպ ընդհանրացումներ անել ու վիրավորել մարդկանց:
Վերջում` Մարիամին ցանկանում ենք շուտափույթ ապաքինում, նրա մայրիկին խորհուրդ տալիս զերծ մնալ նմանատիպ գործողություններից, քանի որ Դուք դրանով նաև վնասում եք Ձեր երեխային: Մայրը նույնիսկ մի քանի աղջիկների վիրավորել ու սպառնացել է` իմանալով, որ նրանք ամեն ինչ պատմել են այնպես, ինչպես եղել է, որը շատ է տարբերվում իրենց ներկայացրեածից: Արդեն 3-րդ դպրոցն է, որ պիտի փոխի Մարիամը ու ինչի համար, քանի որ մայրը չմահավան է, բանսարկու և փորձում է ինքնահաստատվել այլոց սևացնելու միջոցով:

Կից նյութը` այստեղ և այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել