Ի՞նչն է, սակայն, բուն խնդիրը։ Եթե մի կողմ դնենք էմոցիոնալ ֆոնն ու սենտիմենտները, ապա, ըստ էության, նախարարը սխալ բան չի ասել․ նախարարը պետական կառավարման համակարգի թոփ մենեջեր է, ում ֆունկցիան այն է, որ հնարավորինս արդյունավետ կառավարի իր ենթակայության տակ գտնվող գերատեսչությունը և դրանում ներգրավված հազարավոր աշխատակիցներին։ Իրականում աննորմալ է, երբ հարցը, որը գտնվում է ինչ-որ հիվանդանոցի գլխավոր բժշկի էլ չէ, այլ բաժանմունքի պետի լիազորության դաշտում, լուծվում է նախարարի մակարդակով։ Նույնքան աննորմալ է, երբ ամեն տեղային հարցի մասշտաբով նախարար խառնվի, որպեսզի համակարգը աշխատի ադեկվատ։ Կարծում եմ՝ սրա հետ ոչ ոք չի վիճի։ Ու կարծում եմ, որ Ալթունյանը հենց այս միտքն էր ցանկանում ասել։
Սակայն, ինչպես ասվում է, язык мой - враг мой: Ամենաազնիվ ու խելացի մտքին էլ ասելու ձև կա։ Նախարար լինելը ենթադրում է նաև որոշակի դիվանագիտական հմտության ու պարզ մարդկային տակտի առկայություն։ Երբ դու նախարար ես մի երկրում, որտեղ վերջին մեկ տարում առնվազն երկու խիստ աղմկահարույց դեպքեր են գրանցվել, երբ ծննդկանները բժշկական անփութության պատճառով մահացել են, ու դու հայտարարում ես, որ երկու ծննդկանի մահվան հարցերով չես պատրաստվում զբաղվել, դա պարզապես չի կարող լավ ընկալվել։ Դա լավ չի ընկալվի առաջին հերթին մահացած ծննդկանների հարազատների կողմից, որովհետև ստացվում է, որ նախարարն ասում է, որ իրենց մտերիմի մահը իր համար էական հարցերի դաշտից էլ չէ։ Դա չի ընկալվի հանրության կողմից էլ, քանի որ նման սառնասրտությունը մարդկային կյանքի հանդեպ պատիվ չի բերում, ոչ էլ այդ սառնասրտության հրապարակային ցուցադրությունն է դրական իմիջին նպաստում։
Այնպես որ թե՛ Ալթունյանը, թե՛ այլ պետական այրեր պետք է ավելի նրբանկատ գտնվեն իրենց հրապարակային հայտարարություններում, որովհետև նույնիսկ ամենաճիշտ միտքը կարող է հարամվել սխալ մատուցման պատճառով։
Նյութի աղբյուր՝ http://armrealpolitics.blogspot.am/2016/11/blog-post.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել