Բրիտանական Legatum Institute-ի կազմած բարգավաճ երկրների վարկանիշային աղյուսակում (Prosperity Index) Հայաստանը 149 երկրների մեջ զբաղեցրել է 99-րդ տեղը, և պարզվել է, որ 4 հորիզոնականով առաջ է Ադրբեջանից:
Սա ընդհանուր առմամբ որևէ հետաքրքրություն չէր ներկայացնի ինձ համար, եթե պատահաբար չտեսնեի ադրբեջանցի օգտատերերի արձագանքներն այս նորության շուրջ:
ԱՀ օգտատերերի մեծ մասի կածիքով՝ դա «կեղծ ցուցակ է», քանի որ ամեն օր ադրբեջանական հեռուստալիքներով կադրեր են տեսնում Հայաստանից, որտեղ երևում է, որ Երևանում հասարակական տրանսպորտի հիմնական միջոցը «Ռաֆ» մակնիշի մեքենաներն են: Եվ մարդկանց մոտ բնական հարց է առաջացել. «Ինչպե՞ս կարող է այդպիսի երկիրն Ադրբեջանից բարգավաճ լինել»:
Բնականաբար, մարդիկ արագ գտել են պատասխանը. «Այդ վարկանիշային ցուցակը կազմողը եղել է հայ: Դե պարզ է՝ Հայաստանին առաջ կգցեր էլի»:
Մարդ չգիտի՝ ծիծաղի, թե լաց լինի: Մի կողմից հասկանում ես, որ բնական հակազդում է, քանի որ, երբ ամեն օր Հայաստանից լուր հայտնելիս 1997թ.-ի կադրեր ցույց տան, արդյունքը դա է լինելու: Բայց մյուս կողմից էլ մտածում ես, թե իրոք ինչպիսի խոշոր դեր ունի հակամարտող երկրների համար տեղեկատվական քարոզչությունը: