Картинки по запросу Արամ ԱսատրյանԵս գիտակցական տարիքում երբեք սեփական կամքով Արամ Ասատրյան չեմ լսել։ Բարոյախրատական ճառեր կարդալ չեմ պատրաստվում, պարզապես ես Արամ Ասատրյանի երաժշտությունը չեմ սիրում։ Օրինակ՝ Բարրի Ուայթի երաժշտությունը շատ ավելի գերադասելի է։ Բայց միևնույն ժամանակ ոչ մի ողբերգական բան չեմ տեսնում նրանում, որ Էջմիածնում հենց Արամ Ասատրյանի անվան փողոց է բացվելու, այլ ոչ նույն Բարրի Ուայթի։ Ավելին, համարում եմ դա բնականոն ու տրամաբանական։
 
Մինչդեռ արդեն երեք օր է՝ Ֆեյսբուքն ալեկոծվում է հայոց ազգը ողբացող գրառումներից, ու տպավորություն է ստեղծվում, որ այս որոշումը Մոսկվայի համաձայնագրից հետո ամենադրամատիկն էր մեր ազգի ճակատագրի համար։ Սա թերևս կոգնիտիվ դիսոնանսի հետևանք է, որը մեր ինտելիգենցիայի մի շերտի մոտ է առկա։
 
Զավեշտն այն է, որ այդ դիսոնանսը, որն առաջանում է, երբ բախվում են այդ շերտի ակնկալիքներն ու իրականությունը, ոչնչով չի նպաստում խնդրի լուծմանը։ Միակ բանը, որի վրա այն ազդում է, անիմաստ նեգատիվ դաշտի ստեղծումն է ու այդ կատեգորիայի հոգեկան հարմոնիայի խաթարումը։
 
Մյուս զավեշտն այն է, որ այդ խմբի ակնկալիքները հայ հասարակությունից այնպիսին են, ինչպիսին կլինեին, ասենք, ավստրիական հասարակության պարագայում կամ էլ Եվրոպայի սպիտակ այլ ազգերի։ Ու այդ խմբի խնդիրն էլ հենց դա է, որ չեն հասկանում, որ ո՛չ իրենք են ավստրիացի, ո՛չ էլ մեր հասարակությունն է ավստրիական։
 
Ժողովու՛րդ, մենք հայ ենք՝ դրանից բխող բոլոր առավելություններով ու թերություններով։ Առավելությունները, ինչ խոսք, շատ են։ Թերություններն էլ քիչ չեն։ Պարզապես պետք է հասկանալ, որ, այո՛, մենք մի ազգի մասնիկ ենք, որի մեծամասնությունը սիրում է Արամ Ասատրյան, որի մի զգալի մաս պաշտում էր Զեյնաբ Խանլարովային, որի մեծամասնությունը նայում է սերիալներ, իսկ ավելի վաղ՝ հնդկական կինոներն էր համարում արվեստի գլուխգործոց։ Ավելին, մենք մի ազգ ենք, որի մեծամասնությունը չի սիրում փողոցն անցնել անցումներով, սիրում է կաշառք տալ, իսկ ավելի շատ սիրում է կաշառք ստանալ։ Ազգ ենք, որի մեծամասնությունը պարզապես աննորմալ է համարում մարդկանց, ովքեր ԽԾԲ-ական մտածելակերպը չեն ողջունում ու չեն կիրառում։ Ու էլի շատ ու շատ բաներ, որոնք, միախառնվելով մեր առավելություններին, դարձնում են մեզ այն, ինչ կանք՝ հայ։ Ոչ ավստրիացի։
 
Հիմա՝ փողոցի անվանակոչման մասով։ Էջմիածնում Արամ Ասատրյանին սիրում են, նրանով հպարտանում են, նրանով պարծենում են։ Փողոցներ անվանակոչելու ու արձաններ ունենալու պատվին արժանանում են հենց այնպիսի անհատներ, ովքեր սիրված ու հարգված են լայն շերտերի կողմից ու նշանակալի դեր են ունեցել երկրի, գիտության, մշակույթի ու այլ ոլորտներում։ Անգամ, եթե այդ դերը միանշանակ չի ընկալվում հասարակության այլ շերտերի ու խմբերի կողմից։ Ավստրիացին չի լսում Զեյնաբ Խանլարովա, իսկ Արամ Ասատրյան եթե լսում էլ է, ապա մեր միգրանտների շնորհիվ, բայց եկեք չմոռանանք, որ Արամ Ասատրյանի անունով փողոց ոչ թե Վիեննայում է լինելու, այլ Էջմիածնում։ Դրա համար էլ ամեն ինչ այնպես է, ինչպես պետք է լիներ։ Թեթև տարե՛ք, հայե՛ր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել