Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի Գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Ադանայի նահանգի դատարանի դատավճիռը, որով քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցության համանախագահ Ֆիգեն Յուքսեքդաղը մեղավոր է ճանաչվել ահաբեկչության օգտին քարոզչություն կատարելու համար։

Ավելի վաղ Ադանայի դատարանը Յուքսեքդաղին դատապարտել էր 10 ամսվա ազատազրկման՝ կապված նրա հետ, որ նա 2012 թվականի փետրվարին ելույթ է ունեցել Թուրքիայում արգելված Մարքսիստ-լենինյան կոմունիստական կուսակցության ակտիվիստուհի Յասեմին Չիֆթչիի հուղարկավորությանը, որը զոհվել էր ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունի ժամանակ։

Թուրքիայի խորհրդարանը մայիսին օրենք էր ընդունել պատգամավորների անձեռնմխելիությունը չեղյալ հայտարարելու մասին։ Այդ որոշմանը կողմ են արտահայտվել 550 պատգամավորներից 376-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել