Image result for արագաչափԱյսօր նախագահական նստավայրում հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է ճանապարհային երթևեկության կանոնների նկատմամբ վերահսկողական համակարգերի և վճարովի ավտոկայանատեղերի կազմակերպման ծրագրի վերաբերյալ հարցերին:

Սա թերևս սպասված գործընթաց էր, ինչի հետ կապված խնդիրների վերաբերյալ բազմիցս բարձրաձայնել էին նաև տարբեր ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներ ու հասարակական տարբեր խմբեր:

Խորհրդակցության ժամանակ նախագահը մասնավորապես նշել է. «Մենք եկել, հասել ենք այն փուլին, երբ այդ համակարգերը շահագործող ընկերությունները, կատարելով մեծ ներդրումներ, որոշակի ֆինանսական խնդիրներ են լուծել, և ժամանակն է, որպեսզի ողջ ֆինանսական հոսքերը կառավարվեն համապատասխան պետական և համայնքային կառույցների կողմից: Ուրեմն՝ հանձնարարական կառավարությանը՝ լուծել այս հարցը, բնականաբար, հաշվի առնելով սեփականության անձեռնմխելիությունը ու նաև պետության ու համայնքի շահերը:

Եվ ժամկետների առումով, կարծում եմ, որ մեկ շաբաթը կամ տասը օրը բավարար է, որպեսզի համապատասխան բանակցություններ վարվեն և որոշումներ կայացվեն: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ այս պարագայում ևս նպատակը վարորդներից փող կորզելը չպետք է լինի, նպատակը պետք է լինի մեր քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ստեղծումը»,- հավելել է Սերժ Սարգսյանը:

Այսպիսով՝ նախագահ Սարգսյանը հանձնարարել է ոստիկանապետին ու առաջարկել է Երևանի քաղաքապետին, որպեսզի «Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ և «Փարկինգ Սիթի Սերվիս» ու «Լոկատոր» ՓԲԸ կոնսորցիումի հետ բանակցությունների արդյունքում իրավական մեխանիզմներ մշակեն՝ ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետական ու համայնքային կառույցներին անցնելու համար:

Այս գործընթացը փաստացի տեղավորվում է վերջին ամիսներին երկրում նկատվող փոփոխությունների համատեքստում, երբ կառավարությունում ձևավորվեց միանգամայն նոր դեմքեր ունեցող կառավարություն, ինչպես նաև կառավարման համակարգից հեռացվեցին մի շարք, այսպես ասած, օդիոզ դեմքեր, սկսվեց նաև գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման գործընթաց:

Ենթադրվում է, որ սրա արդյունքում մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ մասնավորի գրպանի փոխարեն կուղղվի համայնքային ու պետական բյուջե: Ի դեպ, այս բարեփոխումը, եթե սա համարենք որպես բարեփոխում, մի շարք վերլուծաբանների ու հասարակական-քաղաքական գործիչների կողմից որակվում էր որպես փորձաքար նոր կառավարության համար փոփոխությունների գործընթացում: Հիմա կարելի՞ ասել, որ նոր կառավարությունն անցել է փորձաքարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել