Image result for aragachapՊաշտոնական ռելիզի խուճուճ ձևակերպումներն ընդամենը էտ փոխանցումը օրենքի պահանջներին համապատասխանեցնելուն ա վերաբերում: Ոչ մի կասկած չկա, որ հանձնարարության իմաստը մեկն էր՝ փողը դեպի պետ (համայնքային) բյուջե:

Միանգամից նշեմ, որ ես՝ որպես քաղաքացի, ԴԵՄ եմ դրան: Որովհետև կարծում եմ, որ մասնավորը պետությունից ավելի լավ կառավարիչ ա, ու ցանկացած ոլորտում, եթե դա հնարավոր ա, պետք ա աութսորս անի: Բնականաբար, էտ աութսորսի իմաստը պիտի լինի ոչ թե պետական հոգածությամբ երաշխավորված գերշահույթը, այլ գործառույթի էֆեկտիվ իրացումը: Հասկանում ենք, որ սրա համար անհրաժեշտ ա թափանցիկություն և հանրային վստահություն:

Ցավոք սրտի, մեզանում էս երկուսը չկային, ու արագաչափերի ու «կարմիր գծերի» թեման դարձել էր վերջին տարիների ամենաքննարկվող ու իշխանության դեմ օգտագործվող թեմաներից մեկն, ու էս քայլին գնալու իշխանության որոշումը բնական էր: Փոփոխությունների կուրս վերցրած Սերժ Սարգսյանի համար սա փայլուն գործիք էր՝ ցույց տալու էտ փոփոխությունների առարկայական բնույթը: Ու չեմ բացառում, որ նախագահի տիրապետության տակ նմանատիպ ուրիշ գործիքներ էլի կան, և առաջիկայում կիմանանք այդ մասին:

Բայց հարցն այստեղ միանգամայն այլ է: Եթե նշված գումարներն այսուհետ ուղղվելու են հանրային բյուջեներ, ապա ակնկալվող սոցիալական էֆեկտն ունենալու համար անհրաժեշտ է դրանք տնօրինել առանձնացված, նպատակային ու արդյունավետ:
Այսինքն՝ կառավարությունը պետք ա մտածի, թե ինչ թիրախային խնդիր է լուծելու արագաչափերից ստացվելիք չպլանավորված միջոցների հաշվին, որպեսզի հանրությունը շոշափելի օգուտ զգա իր իսկ իրավախախտումների արդյունքում կուտակված միջոցներից:

Օրինակ՝ կարելի է այդ գումարները հավաքել որևէ հրապարակային ֆոնդում ու ուղղել ստարտափերի ֆինանսավորմանը կամ կոնկրետ սոցիալական ծրագրի (դիցուք՝ կրթաթոշակներ կամ առողջապահական ծառայություններ):
Նույն կերպ Երևանի քաղաքապետարանն էլ կարող է «կարմիր գծերից» ստացված միջոցները կուտակել որևէ ներդրումային ֆոնդում, ու այդ միջոցներն ուղղել, ենթադրենք, բնակֆոնդի մոդեռնիզացմանը:

Համաձայնեք, որ եթե արագաչափերի շնորհիվ տարեկան 2000 ուսանողի կրթաթոշակ տրվի, իսկ «կարմիր գծերի» միջոցով էլ տարին մի 100 վերելակ փոխվի, հաստատ սոցիալական էֆեկտ լինելու ա:

(Ու չի բացառվում, որ էտ դեպքում վարորդներս բարձր տրամադրության դեպքում մի երկու խախտում էլ ավել անենք:)

Բոլոր դեպքերում Սարգսյանի այս կտրուկ շրջադարձն էտ ակնկալիքն ունի: Աբրահամ Լինկոլնը դեռ 150 տարի առաջ էր ասել, որ «քվեաթերթիկը փամփուշտից ուժեղ է»: Դիմացն ընտրություններ են, ու կառավարությունն արդարացված փոփոխությունները քամուն տալու իրավունք չունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել