Մի օր Հիսուսն իր աշակերտների հետ նավակ նստեց և ասաց նրանց.
-Եկե՛ք լճի մյուս կողմն անցնենք։
Եվ ճանապարհ ընկան։ Մինչ աշակերտները նավարկում էին, Հիսուսը քնեց։
Հանկարծ մի ուժեղ փոթորիկ սկսվեց լճի վրա. ալիքները թափվում էին նավակի մեջ. բոլորն էլ վտանգի տակ էին։ Աշակերտները մոտեցան Հիսուսին և արթնացրին նրան՝ ասելով.
-Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք։
Հիսուսը վեր կացավ, սաստեց քամուն և մրրկահույզ կոհակներին, որոնք հանդարտվեցին, և խաղաղություն տիրեց։ Ապա աշակերտներին ասաց.
-Ո՞ւր է ձեր հավատը։
Նրանք սարսափած, հիացմունքով ասում էին միմյանց.
-Ո՞վ է արդյոք այս մարդը, որ հրամայում է հողմերին և ալիքներին, և դրանք հնազանդվում են նրան։
(Ղուկասի ավետարան 8:22-25)
Աղոթում եմ, որ Աստված լուսավորի ձեր մտքի աչքերը, որպեսզի իմանաք, թե ի՛նչ է այն հույսը, որին նա հրավիրեց ձեզ, թե ինչքա~ն ճոխ ու փառավոր է այն խոստումը, որը ժառանգելու են նրա ընտրյալները, և թե ինչքա~ն գերազանց ու մեծ է այն կարողությունն ու զորությունը, որ ներգործում է հավատացյալների մեջ: Այդ ներգործող զորությունը Աստված ցույց տվեց Քրիստոսի անձով՝ նրան հարություն տալով մեռելներից և նստեցնելով իր աջ կողմում, երկնքի մեջ՝ ոգեղեն աշխարհի բոլոր իշխանություններից ու պետություններից, զորություններից ու տերություններից բարձր և դեռ ուրիշ անուններով ծանոթ բոլոր իշխանությունների վրա՝ թե՛ ներկա աշխարհում և թե՛ գալիքում: «Աստված ամեն ինչ ենթարկեց նրա իշխանությանը» և նրան կարգեց եկեղեցու գլուխ՝ ամեն բանից վեր: Հետևաբար, եկեղեցին Քրիստոսի մարմինն է, ամբողջացումն է Քրիստոսի, որ ամբողջացնում է ամեն ինչ և ամեն տեղ:
(Պողոս առաքյալի նամակը եփեսացիներին 1:18-23)