www.psyhelp.am և www.psyarmenia.com -ից
Մի նավ խորտակվեց մի անմարդաբնակ կղզու մոտերքում: Միայն մի մարդ փրկվեց: Դա մի ուժեղ երիտասարդ էր: Նա լողալով հասավ մինչև կղզի և սկսեց սպասել իր փրկությանը: Սկզբից նա երջանիկ էր, որ կենդանի է մնացել:
Սակայն անցնում էին օրեր, իսկ օգնությունը չկար ու չկար: Նա արդեն հասցրել էր համակերպվել այդ կյանքի հետ: Իրեն տուն էր կառուցել, ամենատարբեր իրեր գտել ու տեղավորել այնտեղ: Եվ ամեն օր նա հույսով սպասում էր, որ հորիզոնին մի նավ գոնե կերևա: Ամեն օր նա աղոթում էր Աստծուն, որ օգնություն ուղարկի իրեն:
Սակայն օրերն անցնում էին, իսկ փրկությունը չկար ու չկար: Մի անգամ, երբ երեկոյան վերադառնում էր որսից, մի մեծ հրդեհ տեսավ: Նրա տունը իր ամբողջ ունեցած-չունեցածի հետ այրվեց մինչև վերջ ու մոխրացավ:
Բարկությունն ու հուսահատությունը համակեց այդ մարդուն:
- Ես այսքան օր է արդեն մոռացված եմ այս անիծված կղզու վրա: Ամեն օր քեզանից օգնություն եմ խնդրում, իսկ դու ինձանից վերցնում ես իմ վերջին ունեցածը: Արցունքներ էին հոսում նրա դեմքի վրայով: Կարծես թե կյանքը վերջացել էր: Հուսահատությունից թուլացած տղամարդը քնով անցավ հենց այնտեղ՝ մոխիրների կողքին, ավազների վրա:
Առավոտյան արթնանալով նա չհավատաց իր աչքերին՝ կղզու ուղղությամբ մի նավ էր լողում: Դա իր երկար սպասած օգնությունն էր:
- Ես Ձեզ այնքան երկար եմ սպասել, ինչպե՞ս ինձ գտաք, – հարցրեց տղամարդը:
- Ախր երեկ դու ինքդ մեզ ուժեղ ծխով նշան տվեցիր: Այ մենք էլ հասկացանք, թե որտեղ է պետք քեզ փնտրել:
Մայքլ Պարկես «Հրեշտակի հպումը»