Երեկ Երևանում պայթեցման միջոցով քանդվել է մայրաքաղաքի առաջին տպարանի շենքը: Այն բուռն քննարկումների առիթ դարձավ սոցիալական ցանցերում և կայքերում: Հնչեցին քննադատություններ, թե 1920-ական թվականների շենքը պետք չէր պայթեցնել, և այդպիսով այս հարցը այնպիսի արձագանք ստացավ, կարծես ռազմավարական նշանակություն ունեցող խնդիր էր:
Շենքի քանդման հարցին այսպիսի բուռն արձագանքը ինչ-որ իմաստով պայմանավորված է պետական ինստիտուտների հանդեպ հասարակության անվստահությամբ: Ներկայումս պետական ինստիտուտների ձեռնարկումները քաղաքացիների վստահությանը արժանանալու խնդիր ունեն: Պետք է նաև նկատի ունենալ, որ այդ շենքի մասին հուզումնառատ «նովելներ» գրողներից շատերը նույնիսկ չեն էլ տեսել այդ շենքը:
Ես իհարկե չեմ բացառում, որ այն կարող էր պատմամշակութային արժեք ունենալ, սակայն հարկավոր է թիրախավորված քննադատություն հնչեցնել, իմանալ՝ ում ինչի համար ենք քննադատում: Բացի այդ՝ կարծիքները ցանկալի է հնչեն մասնագետների կողմից, ու բերվեն հիմնավորումներ՝ մանրամասնորեն նշվի, թե ինչու պետք չէր պայթեցնել և այլն: Այլապես առաջանում է շիլաշփոթ, ինչպես այս պահին: