Պատմությունը՝ ուրբանիզացիայի մասնիկPanarmenian.net-ը գրում է.

Ինչպես են աշխարհում նոր շունչ հաղորդում հնին

Ժամանակակից աշխարհում բնակչության աճի հետ մեկտեղ ուրբանիզացիան անխուսափելի և բնական երևույթ է: Կյանքի ռիթմն արագանում է, քաղաքները՝ մեծանում, իսկ հին շինությունները երբեմն կորցնում են իրենց արդիականությունն ու դառնում անպիտան:

Կանադա-ամերիկացի հայտնի գրող, ակտիվիստ և նոր ուրբանիզմի շարժման հիմնադիրներից մեկի՝Ջեյն Ջեյքոբսի, ամենահայտնի «Ամերիկյան մեծ քաղաքների կյանքը և մահը» գրքում ասվում է. «Խոշոր քաղաքներն այնքան սուր են զգում հին շինությունների կարիքը, որ առանց դրանց, հավանաբար, անհնար կլինի զտարյուն փողոցների ու թաղամասերի զարգացումը»: Մեծ հարց է՝ արդյոք այսօր այդ պնդումն արդիական է, թե մարդկանց քանակի աճն ու նրանց բնակատեղիով ապահովելու խնդիրն անհամատեղելի է հին շինությունների պահպանման ձգտման հետ:

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 18:00 մերձակայքում քանդվել է Վարդանանց-Հանրապետության խաչմերուկում գտնվող նախկին «Առաջին տպարանի» շենքի Բ մասնաշենքը: Այն քանդվել է պայթեցման եղանակով քաղաքապետարանի թույլտվությամբ: Շենքը կառուցվել էր 1920-30-ական թվականներին: Այն քաղաքի արդեն եզակի մնացած հին շինություններից էր: Քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net ին հայտնեց, որ նախկին «Առաջին տպարանի» տեղը բազմաֆունկցիոնալ շենք է լինելու, սակայն հարցին, թե ով է սեփականատերը, նա պատասխանեց, որ տեղյակ չէ:

Առաջին տպարանի շենքի ողջ բաժնետոմսերը գնել է Գենիկ Կարապետյանը, որը նախկինում «Ամուր երկաթ» ԲԲԸ-ի տնօրենն էր: «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում նա պատմել է, որ քանդված շինության տեղում որոշել է 9-հարկանի հյուրանոց կառուցել:

National Trust for Historic Preservation հիմնադրամը մի շարք ուսումնասիրություններ է կատարել, որոնց արդյունքում պարզվել է, որ հին շինությունները շատ կարևոր դեր են կատարում ժամանակակից քաղաքների կյանքում: Որքան էլ տարօրինակ կարող է թվալ, սակայն հին շենքերն ու շինությունները առաջին հերթին դուր են գալիս հենց երիտասարդներին, նպաստում են քաղաքում գիշերային կյանքի ու ժամանցի զարգացմանը, հին շենքերով փողոցներն ավելի հարմար ու հաճելի են հետիոտների համար, դրանք փոխանցում են քաղաքի «համն ու հոտը», և, ինչպես պնդում են մասնագետները, հին շենքերը մեծ հնարավորություններ են ընձեռում կրեատիվի զարգացման գործում:

Որպես ապացույց PanARMENIAN.Net – ը հավաքել է մի քանի օրինակ՝ ինչպես են աշխարհի տարբեր խոշոր քաղաքներում նոր շունչ հաղորդում հնին:

Հին գործարանների շենքերը շատ հարմար են թանգարանների համար. ազատ տարածությունը, բարձր առաստաղը և մեծ պատուհանները լավ հնարավորություն են ընձեռում այդտեղ ցուցահանդեսներ անցկացնելու համար:

Այդպես, ֆրանսիական Պրովանսում 19-րդ դարի վերջի հին երկաթուղային արհեստանոցի շենքը մի քանի տարի առաջ վերածվեց Great Hall of pictures արվեստի սրահի, որտեղ ցուցադրվում են ժամանակակից նկարիչների ստեղծագործությունները: Շինության ընդհանուր տեսքը շատ չի փոխվել, իսկ ճակատային մասի հարյուրավոր լույսերը կարող են օգտագործվել ոչպես լուսային ինստալյացիա:

Մոսկվայում նույնպես օգտագործել են այդ գաղափարը՝ 19-րդ դարի սկզբի «Մոսկովյան Բավարիա» գարեջրի գործարանը, որն այնուհետև դարձել էր գինու գործարան, 2007 թ. վերածելով ժամանակակից արվեստի կենտրոնի: Նոր կենտրոնն անվանվեց «Վինզավոդ» (գինու գործարան), դրա տարածքում տեղ է գտել մի քանի ցուցասրահ:

Հին գործարանների շենքերից նաև լավ ժամանակակից բիզնես կենտրոններ են ստացվում: Ասում են՝ այդտեղ դրական աուրա է, որը նպաստում է լավ աշխատելուն ու ակտիվ տնտեսական աճին: Եվ դրա վառ օրինակն է Իտալիայի Լայնատե քաղաքի հին կարամելի գործարանի շենքը, որն այժմ վերածվել է գեղեցիկ և հարմարավետ օֆիսային համալիրի: Իտալացի դիզայներների հաջողվել վերակառուցել շինությունն թե՛ ներսից, թե՛ դրսից, և ստանալ հնի և մոդեռնի հետաքրքիր համադրություն, որը նաև հավակնում է ճարտարապետական գլուխգործոց կոչվելուն:

Երկրորդ կյանք է ստացել նաև 1894 թ. Օրենբուրգում կառուցված վաճառական Ի. Զառիվնիի ալրաղացը: Հին գավառական շինությունից ժամանակակից բիզնես կենտրոն ստանալը հեշտ աշխատանք չէր, սակայն Т+Т Architects ու Mealhouse Concept Design ընկերություններին հաջողվել է վերակառուցել այն՝ ստանալով լոֆտ ոճի ժամանակակից հարմարավետ օֆիսային համալիր:

Լավ գաղափար են իրագործել նաև Սան Ֆրանցիսկոյում, որտեղ տասնյակ տարիներ որպես ինքնաթիռների կայանատեղի օգտագործվող հին շինությունը վերածել են սպորտային կենտրոնի: Բարձր առաստաղով, լավ գործող օդափոխության համակարգով և այլ նման առավելություններով գործարանային շինությունները, կարծես, ստեղծված են այդտեղ սպորտով զբաղվելու համար: Հեռու չգնալով շինության սկզբնային գործառույթներից՝ Սան Ֆրանցիսկոյի «Ոսկե Դարպասների» կամրջի հարևանությամբ գտնվող անգարը վերածել են House of Air ցատկացանցային կոնտրոնի, որտեղ մարդիկ նույնպես կարող են իրականացնել թռչելու մասին իրենց երազանքները:

Այդ օրինակը կարելի է կիրառել նաև Հայաստանում, որտեղ անգամ օլիմպիական մարզիկների համար բացակայում են հարմար ու մասնագիտացված մարզասրահները, իսկ եղածներն անմխիթար վիճակում են:

Մեծ գործարանները կարելի է վերածել բազմագործառույթ շինությունների: Այսպես են վարվել չինական Հունաչժոու քաղաքում, որտեղ մի շատ մեծ գործարանը փակվելուց հետո որոշել են վերածել ժամանակակից առևտրի կենտրոնի, բիզնես կենտրոնի և հյուրանոցի: Xintiandi Factoryբազմաֆունկցիոնալ կենտրոնում պահպանել են գործարանի շունչը՝ թողնելով այնտեղ հաստոցների և արտադրական մեքենաների մեծ մասը:

Հին շինություններն, ի վերջո, կարող են մեծ ուրախություն պարգևել քաղաքի բնակիչներին ոչ միայն իրենց գոյության փաստով, այլև վերածվելով ժամանցի վայրերի: Դա հասկացել են Գերմանիայում, որտեղ դեռևս 80-ականների վերջում փակված ատոմային էլեկտրակայանը վերածել են զվարճանքների զբոսայգու: Ճիշտ է, շինությունը այդպես էլ չի ծառայել իր սկզբնական նպատակին, և այն դժվար է համարել հին գործարան, սակայն մինչև իշխանությունների կողմից փակվելը շինության մեծ մասն արդեն կառուցված էր, գաղափարն էլ ինքնին շատ գրավիչ է: Հիմա Wunderland Kalkar զվարճանքների զբոսայգու այցելուները հնարավորություն ունեն օգտվելու մեծ արտանետիչ խողովակի շուրջը կառուցված ամերիկյան ոլորաններերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել