«Հայաստանը 5 հորիզոնականով առաջադիմել է Համաշխարհային բանկի խմբի «Գործարարություն 2017։ Հավասար հնարավորություն բոլորի համար» (Doing Business 2017: Equal Opportunity for All) զեկույցում։ Մենք այժմ գործարարությամբ զբաղվելու դյուրինության առումով 190 երկրների շարքում 38-րդն ենք՝ նախորդ զեկույցում զբաղեցրած 43-րդ տեղի փոխարեն։

Հինգ տեղով առաջադիմելը, ինչպես նշվում է զեկույցում, հիմնականում մեթոդաբանության փոփոխություններով պայմանավորված վերահաշվարկի և մեկ տնտեսություն՝ Սոմալին, ավելացնելու արդյունքում է գրանցվել։

Բացի տեխնիկական պատճառներից, Հայաստանը նաև դյուրինացրել է գործարարությամբ զբաղվելը զեկույցում ընդգրկված երկու ոլորտում՝ վարկի ստացում և պայմանագրերի կիրարկում։

«Մասնավորապես, Երկիրը մեծացրել է վարկերի հասանելիությունը՝ ընդունելով գործարքների ապահովության մասին նոր օրենք, որով հիմնել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների ժամանակակից և կենտրոնացված գրանցամատյան և բարելավել է վարկերի մասով տեղեկատվական համակարգը՝ անձնական տվյալների պաշտպանության մասին նոր օրենքի ընդունմամբ։ Հայաստանը դյուրինացրել է նաև պայմանագրերի կիրարկումը՝ կամավոր հաշտարարությունը կանոնակարգող համապարփակ գլուխ ներդնելու և հաշտարարությունից օգտվելու նպատակով կողմերի համար ֆինանսական խթաններ հիմնելու արդյունքում»,– նշվում է զեկույցում։

Ի՛նչն է այստեղ ուշագրավ։ Այս արդյունքները թեպետ  նոր են հրապարակվում, զեկույցն էլ 2017 թվականի համար է, սակայն երկու ոլորտներում բարելավումները կատարվել են ավելի վաղ՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք։ Այսինքն, Կարեն Կարապետյանի կառավարությունն ուշացումով ստացավ ՀՀ դիրքի 5 տեղանոց բարելավում նախորդ կառավարությունից։ 

Կասեք, որ դա կարևոր չէ՞։ Նայած ում համար։ Մենք էլ ենք պարբերաբար գրել, որ Doing Business–ի դերը գերագնահատել չի կարելի, պոտենցիալ ներդրողները միայն այդ զեկույցի վրա չեն հիմնվում։Դրա հիմքում ընկած են կարգավորումները (օրենքները, որոշումները և այլն), սակայն բոլորը գիտեն՝ օրենք ու որոշում ընդունելը մի բան է, դրանց կիրարկումն ապահովելը՝ լրիվ այլ բան։

Ամեն դեպքում, բոլոր կառավարությունները միշտ կարևորել են Doing Business–ի դերը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել