Չէի կարող անտարբեր անցնել այսօրվա ֆեյսբուքյան հայտնի տեսանյութի կողքով: Դեռահաս աղջնակը տեսանյութ է ուղարկել իր սիրած տղային, վերջինս էլ այն տարածել է համացանցում՝ պատճառ դառնալով բուռն քննարկումների, ծաղրանքների ու սատարումների, մեղադրանքների ու արդարացումների:
Տեսանյութի աղջկան ծաղրողնե՛ր, մի պարզ բանի վրա ուշադրություն դարձրեք: Աղջիկը հազիվ 13-15 տարեկան լինի: Տարիք, որը մարդու (հատկապես աղջկա) ամենահակասական, զգացմունքային և հուզական վառ դաշտով արտահայտված ժամանակահատվածն է: Երբ նա անկեղծ սիրում է, հորինում է իդեալներ ու հավատում դրանց: Մի պահ պատկերացրե՛ք՝ նա ձեր քույրն է, աղջիկը, հարազատը, կամ դո՛ւք՝ աղջիկնե՛ր, պատկերացրեք՝ հենց դուք եք նրա փոխարեն: Հենց դուք, որ այդպես բուռն քննադատում եք, ծաղրում նրան: Մի՞թե կուզեիք ձեզ համար կարևոր մարդը հանրային դարձներ այն, ինչ ձերն է ու նրանը, ինչին դուք հավատացել եք, ապրել դրանով, հյուսել ձեր աղջկական երազանքները....
Իսկ մի՞թե սիրելն ամոթ է կամ սիրո մասին բարձրաձայնելը: Բնա՛վ: Ամոթ ու խայտառակությունը սերը ծաղրելն է: Եթե անգամ դու զգացմունքային չես, եթե անգամ դու չես սիրել ոչ մեկին, եթե անգամ քեզ համար տարօրինակ է մարդու սերը, մի՛ ծաղրիր, մի՛ փնովիր... Դու այդ իրավունքը չունե՛ս:
Ես կողմ չեմ նաև տղային հայհոյելուն, վատաբանելուն: Հավանաբար, նա էլ է դեռահաս, ինքն էլ չի հասկացել՝ ինչ է անում, չի հասկացել ու խաղացել է այն մարդու անվան հետ, որի համար ինքն ամենաթանկն է: Հարգելի՛ Վահագն, եթե երբևէ կարդաս սա, որպես մեծ ընկեր, եղբայր՝ խորհուրդ եմ տալիս: Գնա, ներողություն խնդրիր այդ աղջկանից, եթե անգամ նա քեզ չների, եթե անգամ դուք այլևս իրար հետ կապ չունենանք, միևնույնն է, դա տղամարդկային, վեհ քայլ կլինի քո կողմից: Ես վստահ եմ, որ դու չես ուզել ցավ պատճառել նրան, այլ քո տղայական ինքնասիրության, եթե ոչ ինքնասիրահարվածությանը հագուրդ տալու համար կատակել ես, իսկ կատակիդ դառը հետևանքներն ինքդ տեսար....
Հավատա՛, դժվար է գտնել մարդու, ով պատրաստ է ամեն ինչի քեզ համար: Սա դատարկ խոսք չէ, հետո ինքդ շատ բան կհասկանաս:
Ես այս ամենն ասում եմ որպես մանկավարժ, որպես երիտասարդ տղամարդ, որ ամեն օր լսարան է մտնում, և իր աչքի առջև են տասնյակ այդպիսի աղջնակներ ու քեզ նման տղաներ, որոնցից ամեն մեկի ճակատագիրն ինձ մտահոգում է: Այս կյանքը չափազանց կարճ է ինչ-որ մեկին վնաս տալու, կյանքդ դատարկ բաներով լցնելու համար:
Մի՛ թող քեզ քննադատեն, իսկ այդ աղջկան ինքդ սատար կանգնի՛ր: Վստահ եմ, եթե փողոցում մի աղջկա տեսնեիր, որին նեղացնում են, դու օգնության կհասնեիր: Հիմա իսկական ժամանակն է տղամարդկությունդ ցույց տալու համար:
Հ.Գ. Իսկ հետո զարմանում ենք՝ ինչո՞ւ են մարդիկ մեկուսանում շրջապատից, ինչո՞ւ են մարդիկ ինքնասպան լինում, ինչո՞ւ են մարդիկ դառնում մարդատյաց....
Հ.Գ. . Ներե՛ք, եթե երկար և զգացմունքային ստացվեց, այլ կերպ չեմ կարողանում արտահայտվել: