Lurer.com-ը գրում է.

Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանաքը և քաղաքային խորհրդի անդամ Ֆըրաթ Անլըն անվտանգության վարչության ահաբեկչության դեմ պայքարի բաժնի կողմից ձերբակալվել են: Ձերբակալությունները տեղի են ունեցել Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ տարվող հետաքննության շրջանակում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Քըշանաքը ձերբակալվել է Դիարբեքիրի օդանավակայանում, իսկ Անլըն՝ իր տանը: Նրանց երկուսի բնակարաններում հետախուզություն է իրականացվել:

Քաղաքապետ Քըշանաքի դեմ մեղադրական է պատրաստվել «ահաբեկչական խմբավորման օգտին» քարոզչություն անելու հիմնավորմամբ՝ մարտի 8-ի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը ելույթի ժամանակ: Դիարբեքիրի հանրապետական դատախազության պատրաստած նյութերում նշվում է, թե նա PKK-ի «Ժողովրդավարական ազատ կանանց շարժում» կազմակերպության ակտիվ դերակատարներից է: Քըշանաքի դեմ գործի շրջանակում «զինված ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեղադրանքով նրա նկատմամբ 5-10 տարվա ազատազրկման պահանջ է ներկայացվել:

Դիարբեքիրի քաղաքային խորհրդի անդամ Ֆըրաթ Անլըն, ով մասնակցել է PKK զինյալի հուղարկավորության արարողությանը, մեղադրվում է «ահաբեկչական խմբավորման քարոզչություն իրականացնելու» մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել