Այսօր շաբաթ է: Մարդիկ ավելի ուշ են արթնանում: Ես սովորաբար շատ ուշ եմ պառկում քնելու և առավոտյան էլ ուշ եմ արթնանում: Ամեն անգամ գլուխդ դնում ես բարձին և սկսում մտածել` ինչ է տեղի ունենալու վաղը, բազմաթիվ հոգսերից ո՞րը կարող ես լուծել, ու՞մ հետ կարող ես հանդիպել և խոսք փոխանակել, ի՞նչ լուրեր ես լսելու, ի՞նչ հիմարություններ ու զազրախոսություններ ես կարդալու ՖԲ-ում: Լավ չես զգում, երբ առավոտը քեզ դիմավորում է մի ինչ-որ տհաճ երևույթով: Այսօր մենք հենց այդպիսի վիճակում հայտնվեցինք` ամբողջ շենքում ջուր չկար, պայթել էր ջրատար խողովակը և ջուրը լցվում էր դիմացի միհարկանի տան նկուղը: Ջրատարը վերականգնելու համար մեծ ու բարդ աշխատանք պետք է կատարվեր: Բնակիչները տրտմությամբ ասում էին, որ այդ աշխատանքներն ավարտելու համար առնվազն մի երկու օր է պետք:
Այդ վթարը վերացնելու համար հրավիրեցին «Երևան ջուր»-ի Արաբկիրի բաժանմունքի բրիգադան` տեղամասի պետ Գաբրիել Մելիքսեթյանի ղեկավարությամբ: Բրիգադան բաղկացած էր 4 հոգուց` Աբգարյան Սամվել, Թորոսյան Վրեժ, Դեմիրճյան Հակոբ և Միքայելյան Երջանիկ, որոնք զարմանալի եռանդով ու բարեխղճությամբ էին կատարում այդ ծանր աշխատանքը` փորում էին ասֆալտն ու մայթի բետոնը, մտնում էին 1,5-2 մ խորությամբ ջրատարի թունելը, դժվարությամբ հանում ու փոխում էին ժանգոտված ու փթած կափյուրները, զոդում և փոխում էին խողովակները…
Ջրազուրկ բնակիչներն անհամբերությամբ նայում էին նրանց բարեխիղճ ու տանջալից աշխատանքին և արտահայտում իրենց հիացմունքը: Առավոտից մինչև ժամը 7-ը այդ բարեխիղճ մարդիկ վերականգնեցին ջրատարը` արժանանալով բնակչության ջերմ շնորհակալությանը:
Ինչքան լավ կլինի, որ բոլորն իրենց աշխատանքը կատարեն այդպիսի բարեխղճությամբ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/sos.movsisyan/posts/10206759863105278?ref=notif¬if_t=close_friend_activity¬if_id=1477183521101853
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել