Հյուսիսային պողոտայով տուն եմ վերադառնում։ Բավական մարդաշատ անցուդարձի մեջ աչքս հայտնիորեն ծանոթ դեմք է որսում. ճանաչում եմ՝ Ռուբեն Վարդանյանն է (չիմացողներին ասեմ՝ «Տրոյկա դիալոգի» տնօրենների խորհրդի նախագահ, ՌՈՍԽՆԱՅԲԱՆԿԻ համատեր...)։ Հանգիստ, հին երևանցուն բնորոշ հանդարտությամբ ու տեղացու հարազատ խաղաղությամբ, զրուցելով քայլում-զբոսնում է պողոտայով։ Ոչ մի թիկնապահ՝ոչ բացահայտ, վստահ եմ նաև՝ անտեսանելի։ Ինձ հազիվ եմ զսպում, որ չասեմ, թե որքան եմ հարգում նրան, բայց մտքիս մեջ ուրիշ բան է։
Անմիջապես աչքիս պատկերվում են մեր օլիգարխները, որ Վարդանյանի հարստության մեկ հարյուրերորդն իսկ չունենալով ու նրա ինտելեկտուալ հարստությունից կիլոմետրերով հեռու լինելով, թիկնապահների երամներով են ման գալիս, երբեմն նաև փողոցներ փակում։ Ճիշտ է, նրանցից շատերը կոշիկը չստի պես են հագնում, ոմանց գրպաններում էլ արևածաղիկ է լցված, ու մեծ մասն ասում է «նախագեն», բայց դա չի խանգարում, որ նրանք ծանր կշռաքարերի պես կախված լինեն պետության խղճից, իրենց ամենակարող զգան ու թքած ունենան օրենքի ու առհասարակ բարոյականության վրա։
Հետո էլ զարմանում են, որ արթնացած հայ մարդը՝ հազարներով իր ձայնն է պաշտպանում Օպերայի հրապարակում։ Նրանք զզված են նաև մեր իրականությունը պղտորած էդ զոռբա ու տգետ տեսակից ու փորձում են իրենց ու երկրի արժանապատվությունը պաշտպանել։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/Lilit.Galstian/posts/443149782428308
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել