Արդեն հայտնի է, որ նոյեմբերի 20-ին Մալթայում անցկացվելիք «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Մերի Վարդանյան և Անահիտ Ադամյան դուետը: Սակայն քչերը գիտեն, որ վերջինս Աշոտ Ղազարյանի ավագ թոռնուհին, սիրված հումորիստի դստեր` Մարգարիտայի աղջիկը:


Ինչպես տեղեկացանք, 13-ամյա Անահիտը ծնվել է Սոչիում, մանկուց երգել է, երգ-երաժշտության դասեր է առել Ռուսաստանում և Հայաստանում, 2013-ից սկսել է ելույթ ունենալ բեմում` մասնակցելով Ռուսաստանի «Голос. Дети» և Իգոր Կրուտոյի երգի ակադեմիայի կազմակերպած փոքրիկ տաղանդների մրցույթին, որտեղ եզրափակիչ է դուրս եկել: «Անհամբերությամբ սպասում եմ «Եվրատեսիլին», որի մեծ երկրպագուն եմ: Ես ու Մերին պատրաստվում ենք Մալթայում իսկական «բում» անել»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է Մերի Վարդանյանին, ապա նա նույնպես 13 տարեկան է և ծնվել է Վարդենիսում: Ուսանել է «Դո-ռե-մի» վոկալի դպրոցում, մասնակցել է հայաստանյան և միջազգային փառատոներին, արժանացել «Վերածնունդ» մրցույթ-փառատոնի առաջին մրցանակի:
Նշենք, որ այս դուետը՝ որպես «Մանկական Եվրատեսիլի» այս տարվա մասնակից, ընտրվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի քվեարկությամբ: Իսկ թե ինչ երգ է կատարվելու մրցույթում, դեռևս չի հրապարակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել