Image result for ԱրտահանումԱյսօր ԱԺ-ում քննարկման է դրվել կառավարության ծրագիրը, որը առավել, քան որևէ այլ կառավարության ծրագիր, հասարակության լայն շերտերում հետաքրքրություն էր առաջացրել: Պետք է նշել, որ այս ծրագրի հետ շատերն են հույսեր կապում՝ տնտեսական ծանր իրավիճակից ելք տեսնելու առումով:

ԱԺ-ում ունեցած ելույթում Կարեն Կարապետյանն, անդրադառնալով տնտեսական խնդիրներին ու հատկապես ծրագրի տնտեսական բաղադրիչին, խոսել է բիզնեսի զարգացման հեռանկարների ու նախատեսվող քայլերի մասին: Նա կարևորել է ոչ ստանդարտ գործիքակազմի ու մեթոդների կիրառման անհրաժեշտությունը, քանի որ ստանդարտ մեթոդներով տնտեսական զարգացում ապահովելը չափազանց բարդ է:

Նա բիզնեսի զարգացման համար առանձնացրել է մի քանի կարևոր կետեր՝ ասելով. «Մենք պետք է ՝
• վեր հանենք և վերացնենք երկրում ներդրումների իրականացումը և ձեռներեցության զարգացումը խոչընդոտող բոլոր վարչարարական արգելքներն ու ավելորդ ընթացակարգերը,
• ստանձնենք երկրում ներդրումային ակտիվություն խթանողի գործառույթը և անմիջականորեն մասնակցենք Հայաստանի համար առանցքային ներդրումային ծրագրերի իրականացմանը,
• աշխատենք միջազգային ներդրողների հետ, որպեսզի ապացուցենք, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելն ու ներդրումներ կատարելն ապահով են, անվտանգ և պարզապես, շահավետ»։

Ինչպես և սպասվում էր, կառավարությունը մեծ կարևորություն է տվել նաև արտահանման զարգացմանը՝ որպես տնտեսության կարևորագույն ուղղություն:

«Հանրապետության տնտեսության կայուն աճի ապահովման նպատակով կառավարությունը դավանում է ազատական տնտեսության գաղափարախոսությունը և տնտեսության զարգացման հեռանկարը տեսնում է արտահանման աճի մեջ»,- հայտարարել է վարչապետը:

Թերևս այս ուղղությունն, իրոք, պետական հոգածության լուրջ կարիք ունի: Հաշվի առնելով նաև Հայաստանի կոմունիկացիոն խնդիրներն ու արտաքին շուկա դուրս գալու դժվարությունները՝ պետք է նշել, որ կառավարությունն այստեղ ավելի շատ անելիքներ ունի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել