Galatv.am-ը գրում է.
Այսօր ժամը 14: 00-ից սկսած մոտ 2 ժամ փակ էր Գյումրու Ալեք Մանուկյան փողոցը: Սկզբում տեղեկություն տարածվեց, որ պատճառը տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարն է: Իրար են բախվել BMW և «Մերսեդես» մակնիշի մեքենաները, որից հետո վիճաբանություն է տեղի ունեցել:
Դեպքի վայրում աշխատում էին ոստիկանության, դատախազության ներկայացուցիչները, քննիչներն ու քրեագետները:
Տեղեկություններ տարածվեցին, թե ավտովթարին հաջորդած վիճաբանության ընթացքում նաև կրակոցներ են հնչել, քանի որ դեպքի վայրում նաև փամփուշտներ են հայտնաբերվել, և բացի այդ, տարածքում կան նաև արյան հետքեր:
Երկար ժամանակ մասնագետներն ուսումնասիրում էին դեպքի վայրը, և որևէ տեղեկություն կատարվածի մասին չէր հաղորդվում: Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Շիրակի մարզի քննչական վարչության պետի տեղակալ Սահակ Մկրտչյանը նշեց, թե դեպքի վայրում հայտնաբերվել է գազային ատրճանակի չկրակված չորս փամփուշտ, վնասված մեքենաներ և վիճաբանության մասնակիցների մեքենաները:
Կատարվածի առթիվ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով:
Կան նաև բերման ենթարկված քաղաքացիներ: Վիճաբանության պատճառը եղել է ավտովթարը, թե այլ խնդիր՝ դեռևս պարզ չէ, ինչպես նաև այն, թե ինչպես են չկրակված փամփուշտները հայտնվել դեպքի վայրում: