Հայկական ակնաբուժության նախագիծը (ՀԱՆ) և Ucom հիմնադրամը տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ կազմակերպել էին Սպիտակի և Իջևանի մի քանի դպրոցների բարձր դասարանցիների այցելություններ Հայկական ակնաբուժության նախագծի հիմնած մարզային ակնաբուժական կենտրոններ, որտեղ դպրոցականները ծանոթացան ակնաբուժական սարքավորումներին, դրանց հետ աշխատանքի կանոններին, ինչպես նաև ակնաբույժի մասնագիտության նրբություններին: Ակնաբուժական կենտրոններում շրջայցից հետո աշակերտները մասնակցեցին բաց դասի, իսկ վերջում նրանց համար կազմակերպվեց առցանց մրցույթ՝ ձեռք բերած գիտելիքները ստուգելու նպատակով:  

Նման բաց դասեր անցկացվեցին նաև հանրապետության տարբեր մարզերում և Երևանում՝ նպատակ ունենալով հասարակության ուշադրությունը սևեռել տեսողական խնդիրների և դրանց կանխարգելման և բուժման վրա: «Ուժեղ ենք միասին» կարգախոսի ներքո Երևանի և մարզերի տարբեր դպրոցներում, ինչպես նաև Երևանի՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում և Օրրան բարեգործական հասարակական կազմակերպությունում անցկացվեցին բաց դասեր, որոնց շնորհիվ երեխաները ծանոթացան աչքի կառուցվածքին, խնամքին, տեսողության  անվտանգության կանոններին և այն մթերքներին, որոնք օգտակար են տեսողության համար:

«ՀԱՆ-ը տեսողության համաշխարհային օրը նշում է 2004թ.-ից սկսած: Այս տարիների ընթացքում տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ ՀԱՆ-ը հանդես է եկել տարատեսակ միջոցառումներով` ցուցահանդեսներ, բարեգործական համերգներ, հրատարակությունների շնորհանդեսներ, ներառական ծրագրեր, ֆլեշ մոբ և այլն: Այս տարի հիմնական ուշադրությունը կենտրոնացրեցինք դպրոցահասակների վրա՝ կարևորելով հանրային կրթությունը և երեխաների տեղեկացվածության բարձրացումը: Այս իսկ պատճառով կազմակերպեցինք այս այցելությունը մեր հիմնած կենտրոններ, որտեղ բարձր դասարանցիները կարողացան ծանոթանալ ակնաբույժի աշխատանքին, անգամ՝ մասնակցություն ունենալ այդ գործին», - ասաց Հայկական ակնաբուժության նախագծի հայաստանյան գրասենյակի տնօրեն Նունե Եղիազարյանը:

«Այսօր Սպիտակի և Իջևանի ակնաբուժական կենտրոններին տրամադրվեց Ucom-ի շարժական ինտերնետ կապի հնարավորություն, որն ավելի կարագանա մարզերում 4G+ ցանցի ներդրումից հետո: Գերարագ հեռահաղորդակցությունն այսօր առավել կարևոր է հեռահար վիրաբուժության ներդրման համար, որը թույլ կտա վիրահատություններ իրականացնել ռոբոտիկ սարքավորումների օգնությամբ՝ գտնվելով այլ երկրում կամ մայրցամաքում: Ucom ընկերությունը քաջ գիտակցում է այս մարտահրավերը», - ասել է Ucom հիմնադրամի տնօրեն Աշոտ Բարսեղյանը:

Տեսողության համաշխարհային օրվա կապակցությամբ ամբողջ աշխարհում տեղի են ունենում տարբեր միջոցառումներ: Դրա հետ միասին տարածվում է համաշխարհային մակարդակով ակնային խնդիրների մասին տեղեկատվություն: Ըստ ԱՄԿ տվյալերի՝ աշխարհի բնակչության շուրջ 4 տոկոսը՝ 285 մլն մարդ, ունի տեսողության խաթարում, որից 39 մլն-ը կույր է /0.6 տոկոսը/, իսկ ևս 246 մլն-ն ունի ծայրահեղ թույլ տեսողություն: Տեսողության խաթարմամբ բնակչության 90 տոկոսը կենտրոնացած է զարգացող, ցածր եկամուտ ունեցող երկրներում: Այնուամենայնիվ, տեսողության խաթարման դեպքերի շուրջ 80 տոկոսը հաղթահարելի է, այսինքն՝ դրանք հնարավոր է բուժել կամ կանխարգելել: Տեսողության խաթարման հիմնական ամենատարածված պատճառներն աշխարհում հետևյալն են՝ տեսողության ճշգրտման բացակայություն (ակնոցներ), կատարակտ և գլաուկոմա: Իսկ կուրության պարագայում դրանք են՝ կատարակտը, գլաուկոման և տարիքային մակուլյար դեգեներացիան: Կատարակտով է պայմանավորված տեսողության խաթարման դեպքերի 33, իսկ կուրության դեպքերի՝ 51 տոկոսը: Տեսողության խաթարում ունեցողների 65, իսկ կույրերի՝ 82 տոկոսը 50 և ավելի տարեկան է: Հետևաբար, ծերացող հասարակություններում կուրության կանխարգելումն ու բուժումն էլ ավելի են կարևորվում:

ՀԱՆ-ը 2003թ-ից ի վեր՝ ակնաբուժական հետազոտություններ և բուժումներ է իրականացնում ՀՀ մարզերի բնակչության շրջանում: Ըստ Հայկական ակնաբուժության նախագծի իրականացրած հետազոտության՝ Հայաստանում աչքի հիվանդություններն առավել տարածված են 50 և ավելի տարեկան բնակչության շրջանում: Տարիքային այս խմբում տեսողության խաթարման տարածվածությունը 1.8 անգամ ավելի բարձր է, քան ընդհանուր առմամբ մեծահասակների շրջանում, և կազմում է 8.4%, կատարակտի տարածվածությունը` 27%, մակուլյար դեգեներացիայինը՝ 6.5%, գլաուկոմայինը՝ 3.4%, դիաբետիկ ռետինոպատիայինը՝ 4.4%: Հայաստանի մեծահասակ բնակչության (16+ տարեկան) շուրջ 13%-ն ունի կուրության բերող առնվազն մեկ ակնային հիվանդություն, այսինքն` ունի խոցելի ակնային առողջություն: 50 և ավելի տարեկանների շրջանում խոցելի ակնային առողջություն ունեցողների ներկայացվածությունը գրեթե 3 անգամ ավելին է և կազմում է 37%: 50-ից հետո խոցելի ակնային առողջություն ամենացածր հավանականությունն ունեն 50-54 տարեկանները (23.8%): Դրանից հետո կյանքի յուրաքանչյուր լրացուցիչ 5 տարին ավելացնում է խոցելի ակնային առողջություն հավանականությունը 9%-ով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել