Սովետից սկսած լսում ենք, որ հանրահավաք անցկացնողների կարծիքով Ազատության հրապարակում այսքան մարդ կար, իսկ իշխանությունների կարծիքով` այնքան: Որքան մեծ է այդ երկու թվերի տարբերությունը, այնքան սուր են առկա կամ ակնկալվող քաղաքական առճակատումները:
Բերեք գոնե հաշվենք, թե ինչքան մարդ կարող է տեղավորել Ազատության հրապարակը: Գուգլից քաղած այս լուսանկարում ներքեւի ձախ անկյունում երեւում է մասշտաբը` այսքան չափը` 20 մ, ես սարքեցի 10 մետր կողով քառակուսիներ եւ վանդակացանցով ծածկեցի լուսանկարը: Ապա հաշվեցի ամբողջական վանդակների թիվը` 66 հատ ու ոչ լրիվ վանդակների թիվը` 23, խոսքը միայն կիսաշրջանաձեւ կամ լայն լուսնաձեւ ասֆալտածածկ հատվածի մասին է: Ստացվեց ընդամենը 7750 քառակուսի մետր:
Հանրահայտ է, որ հանրահավաքների ժամանակ հարթակին մոտ հատվածներում շատ ավելի խիտ են կանգնում մարդիկ, 1 քառակուսի մետրում 6-7, նույնիսկ 8 հոգի` իրար կիպ, հպված, միջին մասում` նվազ` մոտ 5 հոգի 1 քառակուսի մետրում, եզրերին կամ «լուսանցքային» մասերում ու նստարանների մոտ նոսր` 3-4 հոգի/1 քառ մետր:
Անշուշտ, լինում են հանրահավաքներ, որոնց ժամանակ հարակից այգիների ու գազոնների հատվածներում էլ են մարդիկ հավաքվում: 88-ի փետրվարյան հանրահավաքների վերջում՝ փետրվարի 25-26-ին, մարդկանց խտությունն այնքան մեծ էր, որ դադարեցվել էր երթեւեկությունը հարեւան Տերյան, Սայաթ-Նովա եւ Թումանյան փողոցներում, դա պարզ երեւում էր Տիկնիկայինի թիկունքի բարձրահարկերի կտուրներից, ուր թառում էինք լավ լուսանկարներ անելու համար:
Վերադառնալով հրապարակի «թողունակությանը»` միջին մոտավոր հաշվով 5-ական հոգի հաշվելով յուրաքանչյուր քառակուսի մետրում, դա այն թիվն է, երբ մարդիկ կարող են կանգնել իրար մոտ, սակայն առանց իրար դիպչելու, 7750 քառակուսի մետրում կարող են տեղավորվել 37-39 հազար մարդ: Մեծ խտության դեպքում` մինչեւ 42-45 հազար մարդ` միայն ասֆալտին:
Այսուհետ շատ հետաքրքիր կլինի, որ մարդաքանակ հայտնողները առաջիկա օրերին եւ այնուհետ դիտարկեն մարդկանց խտությունը եւ առաջնորդվեն մարդ-մակերես սկզբունքով:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=10200585247903051&set=a.1731269290942.2097657.1514802535&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել