Картинки по запросу Armenia football teamԵրեկ Հայաստանի հավաքականը պարտվել է Լեհաստանի ազգային հավաքականին։ Պարտվել է վերջին րոպեին, թեպետ համարյա ամբողջ երկրորդ խաղակեսն անցկացրեց 10 հոգով։ Պարտվել է խմբի ֆավորիտին, և եթե հանդիպման սկզբում հայ երկրպագուներին առաջարկեին 2-1 հաշվով պարտություն, ապա շատ հնարավոր է, որ մեծ մասը համաձայներ դրան։ Տեսեք՝ իրականում ինչ է տեղի ունենում։ Ընդամենը երկու օր առաջ մեր թիմը խայտառակ խաղ ցույց տվեց։ Համարյա ոչ մի հարված դարպասին, և թվում էր, թե լեհերը քարը քարին չեն թողնի, և հաշիվը խաղի վերջում կարող է և շատ տխուր լինել։
 
Կարճ՝ հավաքականի երեկվա խաղի մասին։ Թիմը լավ խաղաց, ցույց տվեց բնավորություն և տաս հոգով արժանի կերպով դիմադրեց զորեղ մրցակցին, իսկ եթե Արազ Օզբիլիսը վերջում իրացներ իր գոլային հնարավորությունը, ապա շատ հնարավոր է, որ այսօր աշխարհի բոլոր թերթերը խոսեին ամենալուրջ սենսացիայի մասին։ Դա տեղի չունեցավ, և Օզբիլիսի՝ գոլային պահը կորցնելուց հետո հենց հաջորդ հակագրոհում լեհերը գրավեցին մեր դարպասը, և Ռոբերտ Լևանդովսկին, ով այս պահին աշխարհի թոփ 3 լավագույն հարձակվողների շարքում է, հաղթանակ պարգևեց իր թիմին։ Խաղն ավարտվեց, և երկրպագուները չեն հիշելու հանդիպման վերջում նույն Օզբիլիսի գոլային պահը, խաղից հետո նրա՝ դաշտում երկար ժամանակ պառկած մնալն ու հայ երկրպագուների «մանդռաժը»։ Մնայուն է արդյունքը, և սրանով ամեն ինչ ասված է։
 
Հայաստանի ազգային հավաքականի խնդիրը մեկ կամ երկու խաղը չէ։ Թիմում այս պահին շատ ծանր բարոյահոգեբանական վիճակ է։ Թիմի կազմում բացակայում էին գրեթե բոլոր առաջատարները՝ Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Ռոբերտ Արզումանյան, Գևորգ Ղազարյան, Էդգար Մանուչարյան և այլք։ Ոմանք վնասվածք ունեին, ոմանց ազգային հավաքականում չի ուզում տեսնել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Սակայն եթե նույնիսկ այս բոլոր ֆուտբոլիստները ներկա լինեին, դժվար թե մեր թիմը կարողանար ստաբիլ խաղ ցուցադրել, որովհետև մեզանում ֆուտբոլը չի դիտվում որպես հանրային սեփականություն, չի դիտվում թիմային խաղ, և իրենք՝ ֆուտբոլիստները, հավաքականում մեծ սիրով չեն խաղում, որովհետև նրանցից մի քանիսին չեն հրավիրել հավաքական, որովհետև այդպես է ցանկացել Ռուբեն Հայրապետյանը, ոմանք չեն եկել, որովհետև ընդամենը մեկ խաղ վատ խաղալուց հետո նրանց կարող են գամել խաչին ու Լինչի դատաստանի ենթարկել։ Այսինքն՝ չկա կոլեկտիվ մոտեցում, կոլեկտիվ պատասխանատվության զգացում։ Մարզիչը բազմիցս ակնարկել է, որ հավաքական հրավիրված ֆուտբոլիստներին ընտրում է ՀՖՖ նախագահը։ Գիտեք, այսպիսի բաներ ամեն տեղ հնարավոր են, սակայն դա չի նշանակում, որ այլ ելք չկա։ Մադրիդի Ռեալի նախագահ Ֆլորենտինո Պերեսը բազմիցս փորձել է խառնվել թիմի ներքին հանդերձարանի հարցերին, կազմ որոշել։ Եղել են մարզիչներ, ովքեր դա չեն հանդուրժել, եղել են, որ հանդուրժել են։ Սակայն հանդուրժողների մոտ մեծ հաշվով ոչինչ չի ստացվել, որովհետև ֆուտբոլիստներն իրենք տեսնելով, որ մարզիչն ի վիճակի չէ կազմ որոշելու, ենթագիտակցորեն դադարում են հարգել նրան։ Նրանք դառնում են մեծամիտ, ու արդյունքում թիմը կանգնում է աղետի առաջ։ Հենրիխ Մխիթարյանին թույլ չեն տվել գալ հավաքական, որովհետև, ինչու ոչ, Հենրիխը մտածում է՝ գամ հավաքական, որ ինչ անե՞մ... Գամ հավաքական, ինձ ստիպեն խաղալ 90 րոպե, ես վնասվածք ստանամ, վազեմ 90 րոպե, սակայն մնացածները դաշտում չվազե՞ն... Ինչի՞ համար։ Եվ ճիշտ է մտածում Մխիթարյանը։ Հավաքականում նախևառաջ ֆուտբոլիստների՝ խաղի հանդեպ մոտեցումները պիտի փոխվեն։ Եվ դա պետք է անի մարզիչը։ Աբրահամ Խաշմանյանը մինչ այժմ չի գլխավորում հավաքականը, որովհետև Ռուբեն Հայրապետյանը չի կարող իրեն թույլ տալ նրա ներկայությամբ կազմ ընտրել։ Խաշմանյանը դա չի հանդուրժի և հրաժարական կտա, նրան ցույց կտան ելքի դուռը, և դրանով հարցը կփակվի, որովհետև նույն Խաշմանյանը միգուցե չհանդուրժի Մխիթարյանի՝ վերոնշյալ ենթադրյալ պահվածքը և ստիպի իջնել աստղերից ու հավասարը հավասարի պես խաղալ բոլորի հետ։ Սրանք համակարգային խնդիրներ են, որոնք օր առաջ պետք է լուծվեն։ Այլևս այսպես շարունակելն անհնար է։ Հավաքականը կարող է հաջողել հաջորդ խաղում, սակայն այսպես արդեն մյուսում նորից պարտվելու է։ Մենք պետք է փոխենք մեր մոտեցումները ոչ միայն ֆուտբոլում, այլև կյանքում։ Ոչ ոք այսօր չի մտածում քրտնաջան աշխատելու մասին (մոռանանք Հենրիխ Մխիթարյանին, բացառություններ լինում են), ջանք ու եռանդ ներդնելու մասին, սխալվելու և ճիշտ դասեր քաղելու մասին։ Բոլորն ուզում են միանգամից Մեսսի կամ Ռոնալդու լինել։ Այդպես հնարավոր չէ և երբեք տեղի չի ունենա։ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը փայլուն արտահայտում է մեր երկրի ներկայիս վիճակը։ Կոսմետիկ մեկ-երկու բան հնարավոր է անել, սակայն համակարգային փոփոխություն այսօր, ցավոք, մենք չենք կարող մեզ թույլ տալ, որովհետև չունենք այդքան կամք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել