Սույն թվականի հոկտեմբերի 10-ին hetq.am կայքում հրապարակվեց «Կաթնաշոռ՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերի և բորբոսասնկերի անթույլատրելի քանակով» վերնագրով հոդվածը: Այն ընթերցելուց հետո կասկած առաջացավ, որ դրա հիմնական նպատակը ոչ թե հասարակությանն իրազեկելն է, այլ՝ ՀՀ ԳՆ ՍԱՊԾ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին վարկաբեկելը: Մասնավորապես՝ կասկածի տակ են դրվել ՊՈԱԿ-ում 2015թ. նոյեմբեր ամսին կատարված հետազոտությունը և դրա արդյունքների հավաստիությունը: Իմ կողմից hetq.am-ին տրվեց պարզաբանում՝ ակնկալիքով, որ դրա հրապարակումը կվերացնի կասկածները: Սակայն պարզաբանումը ևս ուղեկցվեց այնպիսի մեկնաբանությամբ, որն առավել ամրապնդեց մեր կասկածները:
Ի՞նչն է մեր կասկածների առաջացման պատճառը:
«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիայի կողմից Հանրային հեռուստաընկերության «Համի որակ» հաղորդաշարի համար 2015թ. նոյեմբեր ամսին հետազոտվել են տեղական արտադրության կաթնաշոռների 6 նմուշ, և հաշվի առնելով, որ անվտանգության և որակի ցուցանիշները բազմաթիվ են, իսկ պրոցեսը՝ բավականին ժամանակատար և ծախսատար, որոշում է կայացվել կատարել հետազոտություն առավել վտանգավոր ցուցանիշների նկատմամբ: Հաղորդման շրջանակներում հետազոտվել է պաթոգեն (ախտածին) միկրոօրգանիզմների (ոսկեգույն ստաֆիլոկոկ և ախտածին ա/թ սալմոնելաներ), թունավոր տարրերի (արսեն, կադմիում, կապար, սնդիկ), պեստիցիդների (ԴԴՏ, ՀՔՑՀ) մնացորդային նյութերի առկայությունը, ինչպես նաև որոշվել է յուղի զանգվածային մասը և թթվությունը: Փորձաքննության արդյունքներով շեղումներ չեն հայտնաբերվել:
Իսկ hetq.am-ի նյութում նշված կաթնաշոռի նմուշները հետազոտվել են 2016թ. սեպտեմբեր ամսին։ Այս դեպքում զուգահեռներ տանել 10 ամիս տարբերությամբ արտադրված խմբաքանակների հետազոտությունների միջև առնվազն անթույլատրելի է, հատկապես որ հետազոտվող ցուցանիշները տարբեր են:
Ինչ վերաբերում է բորբոսասնկերի և խմորասնկերի շեղումներին, ապա, իմ կարծիքով, 7 տարբեր արտադրողներից 5-ի նմուշներում բորբոսանկերի առկայությունը հնարավոր է միայն, եթե բոլոր նմուշները պահվել են նույն պահեստում կամ տեղափոխման ժամանակ խախտվել են պահման պայմանները կամ էլ, ինչու ոչ, փորձարկող լաբորատորիան չի համապատասխանում մանրէաբանական հետազոտությունների պայմաններին:
Նաև ցանկանում եմ նշել, որ «Ստանդարտդիալոգ» լաբորատորիայի կողմից ԱՑԽՄ ցուցանիշի «փորձարկման մեթոդը սահմանող ՆՓ-ի համար» սյունակում նշված ԳՕՍՏ 32901-2014 (http://hetq.am/static/1239-2.PDF) ՄՄՏԿ 033/2013 ցանկում ներառված չէ (http://www.gostinfo.ru/trts/List/41): Սակայն նույն փորձարկման արձանագրության «Ցուցանիշի արժեքը սահմանող ՆՓ-ի համարը» սյունակում նշված է հենց այդ տեխնիկական կանոնակարգը, ինչը կանոնակարգի կոպիտ խախտում է:
Ի դեպ, Հետքի պատվիրած փորձաքննությունը նույնպես չի պարունակում անվտանգության բոլոր ցուցանիշները, ինչի համար մեղադրում է մեր լաբորատորիային:
Խորապես համոզված եմ, որ նման կասկածելի ձևաչափով և մեթոդներով խնդիրներ բարձրացնելը ոչմիայն ապակողմնորոշում է սպառողին, այլև չհիմնավորված տեղեկատվությամբ կարող է լրջորեն վնասել արտադրողների շահերը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել