Այսօր Հայաստանում սպառողական վարկավորումը զարգացման նոր թափ է ստացել, ինչը հանգեցրել է բանկերի միջև մրցակցության սրմանը: Հաճախորդների համար մղվող պայքարում վարկերը դարձել են ավելի մատչելի, իսկ դրանց տրամադրման գործընթացն ավելի արագ և պարզ: Մեծամասամբ բանկերն առաջարկում են սպառողական վարկերի ձևակերպում մեկ օրում, փաստաթղթերի նվազագույն փաթեթով` անձնագրով և սոցիալական քարտով: Այս դեպքում բանկի համար, որոշում կայացնելիս, կարևոր դեր է ստանում հաճախորդի վարկային պատմությունը: Եթե վարկառուն ձևավորել է դրական վարկային պատմություն, այսինքն՝ պատշաճ կերպով, սահմանված ժամկետներում կատարել է իր պարտավորությունները, ապա հեշտությամբ և արագ կարող է ստանալ մեկ այլ վարկ ևս:
Դրա հետ մեկտեղ կա նաև հակառակ մոտեցումը. եթե վարկառուն պարբերաբար ուշացրել է վարկի մայր գումարի կամ տոկոսագումարների մարումները կամ էլ ընդհանրապես հրաժարվել է դրանք վճարելուց, ապա տվյալ հաճախորդն ինքն իր համար ձևավորել է բացասական վարկային պատմություն: Հետևաբար, երկրորդ վարկի ստացումն այդ հաճախորդի համար տևական ժամանակ դառնում է գրեթե անհնար: Ու պետք չէ կարծել, թե հարցը կարելի է լուծել այլ բանկ կամ վարկային կազմակերպություն դիմելու միջոցով: Ցանկացած բանկ կամ վարկային կազմակերպություն, վարկը հաստատելուց առաջ, դիմում է վարկային բյուրո` տվյալ հաճախորդի վարկային պատմությանը ծանոթանալու նպատակով: Այսինքն՝ յուրաքանչյուր հաճախորդի գծով վարկի մարման վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետում են բոլոր բանկերը, և եթե վարկառուն իրեն դրսևորել է որպես անբարեխիղճ հաճախորդ, ապա բանկը դժվար թե որոշում կայացնի նրա օգտին, իսկ կայացնելու դեպքում էլ պայմանները չափազանց խիստ կլինեն: Այսինքն՝ եթե պատրաստվում եք վարկով տուն, ավտոմեքենա կամ տեխնիկա գնել կամ էլ մեկնել ճանապարհորդության, ապա հետամուտ եղեք ձեր վարկային պարտավորությունների կատարմանը և ոչ միայն ձեր: Եթե անձը հանդիսանում է վարկի երաշխավոր, իսկ վարկառուն չի կատարում վարկի գծով մարումները, ապա պատասխանատվությունը կրում է նաև երաշխավոր անձը:
Ստացվում է, որ լավ վարկային պատմությունը բանկի համար վարկը հաստատելու կարևոր նախապայման է: Ուստի արագ և առանց ավելորդ քաշքշուկների վարկ ստանալու համար ընդամենը պետք է ժամանակին ետ վերադարձնել պարտքով վերցրած գումարը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել