Հիսուսը տաճարում ուսուցանելիս հարց տվեց ժողովրդին.
-Օրենքի ուսուցիչներն ինչպե՞ս են ասում, թե Քրիստոսը Դավթի Որդին է, երբ Դավիթն ինքը, Սուրբ Հոգուց ներշնչված, ասում է. «Տերն իմ Տիրոջն ասաց. -Նստի՛ր իմ աջ կողմում, մինչև որ քո թշնամիներին դնեմ ոտքերիդ տակ իբրև պատվանդան»։ Եթե Դավիթն ինքը նրան Տեր է կոչում, ուրեմն ինչպե՞ս Քրիստոսը նրա որդին կլինի։
Ժողովուրդը հաճույքով էր լսում Հիսուսին, որն իր ուսուցումները շարունակելով՝ ասում էր.
-Զգո՛ւյշ եղեք Օրենքի ուսուցիչներից, որոնք սիրում են փառավոր զգեստներով շրջել, հրապարակներում մարդկանցից հարգալից ողջույններ ընդունել, ժողովարաններում առաջին աթոռները գրավել և ընթրիքների ժամանակ՝ պատվավոր տեղերը։ Մի կողմից այրի կանանց տներն են հափշտակում նրանց ձեռքից, իսկ մյուս կողմից՝ կեղծավորությամբ երկարացնում են իրենց աղոթքը։ Դրա համար նրանք ավելի՛ խիստ դատապարտության պիտի արժանանան։
Հիսուս կանգնած էր տաճարի գանձանակի մոտ և դիտում էր ժողովրդին, որ դրամ էր գցում գանձանակի մեջ: Շատ հարուստներ մեծ գումարներ գցեցին: Մի աղքատ այրի կին եկավ և երկու լումա գցեց, որ մի քանի դահեկան է անում: Հիսուս իր մոտ կանչեց իր աշակերտներին և ասաց նրանց.
-Հաստատ իմացե՛ք, որ այս թշվառ այրին բոլորից շատ դրամ գցեց գանձանակի մեջ, որովհետև մյուսներն իրենց ավելորդ գումարներից գցեցին, մինչդեռ նա, չնայած իր չքավորությանը, գցեց ինչ որ ուներ՝ իր ամբո՛ղջ ապրուստը:
(Մարկոսի ավետարան 12:35-44)