Այսօր ողջ աշխարհը տարվել է տարատեսակ գաջեթներով: Այս ամենը թվում է՝ հեշտացրել է մեր կյանքը, սակայն սրա հետ մեկտեղ անհերքելի է այն փաստը, որ մարդկությունը մոլորվել է «թվային տկարամտության» լաբիրինթում:
Ընդ որում՝ «թվային տկարամտություն» արտահայտությունը մասնագետները դիտակրում են ոչ թե որպես փոխաբերություն, այլ ախտորոշում:
2007թ. մասնագետները նկատել են, որ տարեցտարի էլ ավելի շատ երեխաների մոտ է նկատվում ցրված ուշադրություն, թույլ հիշողություն, ինքնատիրապետման թույլ շեմ, նյարդային շեղումներ, ընկճախտ: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «թվային սերնդի» ներկայացուցինչենրի ուղեղներում նկատվում են փոփոխություններ, որոնք սովորաբար ի հայտ են գալիս գանգուղեղային վնասվածքների արդյունքում, կամ էլ վաղաժամ տկարամտության դեպքում, որը սովորաբար խոր ծերության ժամանակ է ի հայտ գալիս: Դժվար է հավատալ, բայց միջին վիճակագրական տվյալներով ընդամենը 7 տարեկան եվրոպացի ամեն 2-րդ երեխան արդեն իր կյանքի մեկ տարին (այսինքն 365/24) ամբողջությամբ անցկացրել է համակարգչի առաջ, իսկ 18 տարեկան պատանին համակարգչին է «նվիրել» իր կյանքի չորս տարիները:
.jpg)
Շատերն ասում են՝ հիմա երեխաները առաջվանը չեն, սերունդը շատ է փոխվել: Գուցե և փոխվել է, բայց մարդու կենսաբանության մեջ ոչինչ չի փոխվել: Մարդու ուղեղը նույնն է, ինչ-որ հազարավոր տարիներ առաջ էր՝ 100 միլիարդ նեյրոններ, որոնցից յուրաքանչյուրը կապված է իր նման 10 000 ավորների հետ: Ուղեղը պետք է զարգացնել ու սնել: Բոլոր մեր մտածմունքները, գործողությունները, բարդ խնդիրների լուծումները իրենց հետքն են թողնում մեր ուղեղի վրա:«Ոչինչ չի կարող փոխարինել երեխայի ինքնուրույն մտածողությունը, աշխարհը ինքնուրույն բացահայտելու ձգտումը, երբ երեխան ամեն քայլափոխի բացահայտում է նորն ու անծանոթը», — ասում է բրիտանացի հոգեբանության պրոֆեսոր Տանյա Բիրոնը:

Սա սարսափելի է, բայց 1970թ.-ից սկսած տան շուրջ երեխաների համար հատկացված միջավայրը, որտեղ երեխաները սովորաբար զարգանում ու ինքնուրույն աշխարհ են բացահայտում՝ կրճատվել է 90 տոկոսով: Այժմ երեխաներին աշխարհը երևում է միայն այն չափով, ինչ չափ որ ունի իրենց սմարթֆոնը: Երեխաները մոռացել են, իսկ ամենասարսափելին՝ որ նրանց մի մասը նույնիսկ չգիտի, թե ինչ հաճույք է անձրևի տակ վազելը, թղթե նավակներ ջրափոսերի մեջ դնելը, ծառ բարձրանալը, և ուղղակի՝ խոսելը միմյանց հետ: Բայց չէ որ նրանք պետք է զարգացնեն իրենց մկանները, բացահայտեն ու հաղթահարեն շրջապատող աշխարհի վտանգները և շփվեն սերնդակիցների հետ: «Զարմանալի է, թե ինչ արագությամբ է ձևավովել միջավայրի նոր ձևը, որտեղ զգայարաններից ոչ մեկը, բացի տեսողականից ու լսողականից, չեն մասնակցում ոչ մի պրոցեսի, երբ մեր ժամանակի մեծ մասը մենք անցկացնում ենք էկրանի առաջ, մաքուր օդ շնչելով զբոսնելու և դեմ դիմաց բանավոր զրույցներ վարելու փոխարեն», — ասում է Սյուզեն Գրինֆիլդը և ավելացնում,-«մենք իսկապես մտահոգվելու առիթ ունենք»:

Գլխուղեղը ձևավորվում է, երբ կան արտաքին ազդակներ, և որքան դրանք շատ լինեն, այնքան լավ ուղեղի համար: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ երեխաները ֆիզիկապես փորձեն ճանաչել աշխարհը, և ոչ թե վերտուալ: Միայն ճիգ գործադրելու դեպքում է ուղեղը զարգանում, իսկ համակարգչի միջոցով հեշտ ստացված պատասխանները միայն բթացնում են նրա բազմաթիվ ունակությունները: Երեխային անհրաժեշտ է նաև առողջ ու լիարժեք քուն, բայց ժամանակակից երեխաները երբեք չեն գնում ժամանակին քնելու, որովհետև չեն կարողանում կտրվել համակարգչից: Սա զգալիորեն կրճատում է նրանց քնի ժամանակը և առաջ է բերում բազմաթիվ շեղումներ: Ինչպե՞ս կարող է զարգանալ երեխայի մտահորիզոնը, եթե նա հոգնած է և նույնիսկ գլխացավ ունի, իսկ դպրոցի առաջադրանքները ուղղակի «չեն մտնում» նրա գլուխը:

Իսկ ինչպե՞ս են ազդում թվային տեխնոլոգիաները երեխաների գլխուղեղի վրա. առաջին հերթին՝ արտաքին ազդակների քանակությունը սահմանափակվում է միապաղաղ ու միօրինակ զբաղմունքի՝ համակարգչի դիմաց նստելու շնորհիվ: Երեխան չի ստանում իրեն անհրաժեշտ կենսափորձը, որպեսզի շարժվի առաջ և զարգացնի իր ուղեղի նաև այլ հատվածները, որոնք պատասխանատու են ապրումակցելու, ինքնատիրապետման, որոշումներ կայացնելու համար: Իսկ այն, ինչը չի աշխատում՝ մեռնում է: Երեխաներն ուղղակի դադարել են մտապահել ինֆորմացիան, որովհետև գիտեն՝ կփնտրեն համացանցում ու նորից կստանան պատասխանը: Սա էլ բթացնում է հիշողությունը, որովհետև հիշողությունը կոփել է պետք, իսկ երբ այն չի կոպվում՝ վերանում է: Ու սխալ է այն կարծիքը, որ հիմա երեխաները ավելի խելացի են համացանցի շնորհիվ: Իրականում՝ այսօրվա 11-րդ դասարանցիները կատարում են այն առաջադրանքները, որոնք 30 տարի առաջ լուծում էին ավելի վաղ տարիքում: «Այն, որ համակարգչային տեխնոլոգիաները շուտով կճնշեն մարդկային ուղեղն ու այն կդարձնեն փոքր երեխայի ուղեղի չափսերի՝ լրիվ հավանական տարբերակ է», — ավելացնում է Սյուզեն Գրինֆելդը:

Ի՞նչ անել՝ մեր երեխաներին «թվային տկարամտությունից» փրկելու համար.
Նախ՝ սահմանափակիր նրա շփումը ցանկացած տեսակի գաջեթի հետ: Սթիվ Ջոբսը հենց այդպես էլ անում էր իր երեխաների հետ: Նրա երեխաները առհասարկ երբեք iPad չեն օգտագործել, իսկ մնացած գաջեթները արգելված էր օգտագործել գիշերային ժամերին և հանգստյան օրերին: Իսկ ահա 3D Robotics-ի հիմնադիր Քրիս Անդերսոնը ասում է,- «Ես՝ առավել քան մեկ ուրիշը լավ գիտեմ, թե որքան վտանգավոր է համացանցում երկար ժամանակ անցկացնելը: Ես ինքս առնչվել եմ այդ խնդրի հետ, և չեմ ցանկանում, որ իմ երեխաները ևս ունենան այդ խնդիրները»: Իսկ ահա Blogger և Twitter սերվիսների հիմնադրի որդիները իրավունք չունեն մեկ ժամից ավելի զբաղվել իրենց պլանշետներով ու հեռախոսներով:

Ահա և «ի՞նչ անել» հարցի պատասխանը: Հոգ տար ապագա սերնդի համար, մտածիր՝ ի՞նչ ապագա է քո երեխաներին սպասում 10-20 տարի անց, եթե այսօր նրանք օրվա կեսը (եթե ոչ ավելին) անցկացնում են իրենց գերզարգացած գաջեթների էկրանների առաջ:
Պատրաստեց Արմինե Հայրապետյանը



