ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գրադարանավարի օրվա առթիվ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Գրադարանային համակարգի հարգելի աշխատակիցներ,
գրադարանային գործի հարգարժան մասնագետներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ: Հանդես գալով որպես ընթերցողի խորհրդատու և հաճախ նաև առաջնորդ` դուք հարգանք եք ձևավորում թե ձեր, թե երբեք չարժեզրկվող գրի ու գրականության հանդեպ: Ձեր ընտրած մասնագիտությունը և կատարած աշխատանքը բարոյական իմաստ ու հասարակական նշանակություն ունեն, որովհետև դուք ոչ միայն արժեքներ եք պահպանում ու տարածում, այլև իսկապես դավանում այդ արժեքները:

Մարդիկ ու գրքերը դարձել են ձեր կյանքի անբաժանելի մասը, որոնց դուք կապում, հասցնում եք իրար` երկուսին էլ հավատարիմ մնալով, երկուսին էլ հարազատի սրտացավությամբ ընդունելով, երկուսի միտքն ու խոսքն էլ անմիջականորեն ընկալելով: Նաև ձեր շնորհիվ է, որ անկախ տեխնոլոգիաների զարգացումից ու աշխարհընկալումների փոփոխություններից՝ գիրքը մնում է անփոխարինելի արժեք, իսկ գրադարանը` յուրատեսակ գանձարան, որը դուք տնօրինում եք արժանապատվորեն, խելամտորեն ու ստեղծագործաբար` այնտեղ եղած հարստությունից բաժին հանելով նաև այլոց:

Այն նվիրվածությունն ու անտրտունջ աշխատանքը, այն ուրույն մթնոլորտը, որ առկա է գրադարանների պատերի ներսում, ձեզ` գրադարանային համակարգի աշխատակիցներիդ, արժանի է դարձնում առանձնահատուկ հարգանքի և շնորհակալության անկեղծ խոսքերի: Ընդունեք, խնդրեմ, այդ ամենը բարեմաղթանքներիս հետ միասին: Առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք ձեզ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել