Հունիսին էր այս տարվա։ Մատաղիսի դիրքերից մեկում Սամվելի հետ մի տասնհինգ րոպե զրուցելուց հետո «մտերմացանք»։ Սկզբից չխոսկան էր, հետո ինչ-որ պահի բացվեց միանգամից ու ինքն էր խոսում միայն։ Վաշտի հրամանատարը հեռացել էր մեզնից, և հանգիստ խոսում էինք։ Մեկ էլ մի անկապ հարց տվի՝ Սամվել, ինչ կուզեիր հիմա ամենաշատը։ Նայեց մարգագետնին ու ասաց․ «Ոտաբոբիկ քայլել խոտերի միջով»։ Ասացի՝ դե քայլիր, ի՞նչն է խանգարում։ Ասաց՝ դե չեմ ուզում, որ տեսնեն ուրիշները։ Ասացի՝ լավ, սպասի մի բան մտածեմ, որ էդքան շատ ես ուզում։ Ասաց՝ չէ, չէ պետք չի, կատակ եմ անում։ Բայց ես զգացել էի, որ դա կատակ չէր։ Մոտեցա վաշտի հրամանատարին։ Ասացի՝ կլինի՞ մի տասնհինգ րոպեով Սամվելի հետ զրուցենք քայլելով։ «Հա, քայլեք, ի՞նչ կա դրա մեջ»,- ասաց հրամանատարը։ Դիրքերից մի քիչ ներքև մի բլրակ կար։ Սամվելի հետ քայլեցի դրա ուղղությամբ։ Անցանք բլրակի հետևը, ասացի՝ Սամվել, դե հանիր կոշիկներդ ու քայլիր, մենակ ես եմ տեսնում ու մարդու չեմ էլ ասի։ Սամվելը հանեց կոշիկներն ու խոտերով սկսեց քայլել․․․ Քանի որ խոստացել եմ ոչ ոքի չասել սրա մասին, զինվորի իսկական անունը չեմ գրել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: