Aysor.am-ը գրում է.
ԱԺ-ն շարունակում է քննարկվել ԿԸՀ նախագահի ընտրության հարցը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արտահերթ ելույթի ժամանակ նշեց, որ թեև ԿԸՀ-ն իդելական չէ, բայց անվիճելի է, որ նկատվում է ընտրական գործընթացների բարելավվում:
«ԿԸՀ-ն լուրջ հաջողությունների է հասել: Դրա գործունեության լավագույն գհահատականները տալիս են միջազգային դիտորդները: 2011 թվականից մինչ այսօր որևէ միջազգային դիտորդական առաքելություն ԿԸՀ անդամների պրոֆեսիոնալիզմն ու ընտրության արդյունքները կասկածի տակ չի դրել, ուստի կոչ եմ անում իմ գործընկերներին ձայն տալ Տիգրան Մուկուչյանին» - իր ելույթում ասաց Է. Շարմազանովը:
Նա ընդգծեց, որ ՏԻՄ ընտրությունները ևս փաստել են ԿԸՀ գործունեության առաջընթացը: Է. Շարմազանովը նշեց, որ հատկապես Գյումրիում և Վանաձորում ՀՀԿ-ն արդար հաղթանակ է տարել:
«Հանրությունը իր ձայների մեծամասնությունը Հանրապետական կուսակցությանն է տվել: Մարդիկ ձայն են տվել այն ուժին, որը գիտի աշխատել: Անցել են այն ժամանակները, երբ ուրիշին պիտակավորելով դու կարող ես երկարաժամկետ վարկանիշ ապահովել: Մի պահ մոտս տպավորություն է, որ իմ հարգարժան գործընկերները ծանոթ չեն ընտրությունների արդյուքններին կամ էլ առհասարակ ընտրական գործընթացներին: Հանրապետականը մեղավոր չէ, որ ձեր փոխարեն «Հայկական վերածնունդին», ԲՀԿ-ին, ԳԱԼԱ-յին և «Լուսավոր Հայաստանին» են ձայն տվել: Ո՞նց եղավ, որ Հանրապետականից դժգոհ են, բայց Հանրապետականին են ձայն տվել: Պրոբլեմը ձեր մեջ տեսեք: Մենք մեղավոր չենք», - ասաց նա:
Ելույթի ավարտին Է. Շարմազանովը շնորհավորեց այն նոր քաղաքական ուժերին, որոնք նորաստեղծ լինելով հանդերձ շատ ավելի ձայներ են հավաքել, քան 10-ամյակների պատմություն ունեցող կուսակցությունները:



