Անկախ այն բանից, թե ինչ կհայտարարի ԿԸՀ-ն, այս ընտրություններում հաղթել են անվավեր քվեաթերթիկները: Հասարակության վերաբերմունքը իրականում հենց անվավեր դարձրած քվեաթերթիկների վրա թողնված գրություններն են` դառնացած, ճարահատ սրամտությամբ, սրտանց: Իր տեսակի մեջ այսպիսի արձագանքն աննախադեպ է և ունի բացատրություն. առաջին անգամ է, որ ընդդիմությունը ներկայացված չէ հաղթելու վստահություն ներշնչող թեկնածուով, և մարդկանց մնացել էին կամ չարյաց փոքրագույնին ընտրելու, կամ ընտրության չգնալու, կամ քվեաթերթիկն անվավեր դարձնելու մտադրությամբ գնալու տարբերակները: 
Ողջախոհությունն, իհարկե, հուշում է, որ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմի հետընտրական պայքարը, եթե լինի, առանձնապես բան չի փոխի. եթե նախորդ ընտրության ժամանակ ազգովի չկարողացանք հասնել իրական հաղթանակի ամրագրմանը, հիմա առավել ևս անհույս գործ է: Սակայն: Ընդդիմանալը և ըմբոստանալը ոչ միայն ազնիվ ու արդար կլինի, այլև հույս կտա, որ ամեն ինչ կորած չէ: Եվ որ կարող են լինել նոր զարգացումներ: 
Եթե այս ընտրություններում հաղթել են անվավեր քվեաթերթիկները, ուրեմն` իսկապես ամեն ինչ դեռ առջևում է: Այդ էներգիան ռեժիմի ամենավտանգավոր հակառակորդն է: Եվ հասցնելու է Հաղթանակի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել