Նախորդ կառավարության ժամանակշրջանում հանրային հնչեղության մի շարք խնդիրներ ստացան իրենց լուծումները: Ցցուն օրինակներից մեկը Նաիրիտի աշխատակիցների հսկայական պարտքերի մարումն էր: Այնուամենայնիվ, մի շարք խնդիրներ էլ, չնայած դրանց ուղղությամբ կատարվող քայլերի, վերջնականապես լուծում չստացան:
Թե ի՞նչն էր պատճառը, սա հարցի մյուս կողմում է, սակայն ուշադրություն դարձնենք մի կարևոր փաստի վրա: Կոնդի բնակիչների խնդիրը թերևս բոլորին է հայտնի: Այս տարիներին բնակիչները անընդհատ դիմում էին պետական մարմիններին՝ խնդրին որոշակի լուծում տալու ակնկալիքով: Խնդիրը մնացել է օդում կախված: Նախորդ կառավարության գործունեության ժամանակ բնակիչները պարբերաբար հանդիպումներ էին ունենում գործադիրի ղեկավարի հետ ու որոշակի տարբերակներ քննարկում: Սխալ կլինի ասել, թե այս ուղղությամբ ոչ մի քայլ չի կատարվել, սակայն այսօր կոնդեցիները ցույցի ժամանակ հայտարարում են, թե ճիշտ արեցին, որ Հովիկ Աբրահամյանին վռնդեցին:
Ինչ-ինչ, բայց Հովիկ Աբրահամյանն իր պաշտոնավարման ընթացքում երևի մեկ տասնյակի հասնող տարբեր ֆորմատով հանդիպումներ ունեցավ կառուցապատողների անպատասխանատու գործողությունների արդյունքում տուժած քաղաքացիների հետ: Ասել, որ ոչ մի արդյունք չեղավ, մեղք կլինի:
Հարցն այստեղ միայն կոնդեցիները չեն: Հանուն արդարության պետք է խոստովանել, որ և՛ բարոյական, և՛ մարդկային առումով տգեղ է տեսնել, թե ինչպես են Հովիկ Աբրահամյանին շատ դեպքերում շողոքորթողները, քծնողներն այսօր անբովանդակ հայտարարություններով հանդես գալիս: